«Թոմ եւ Ջերրի» մուլտսերիալի պատճառով երեխաները բռնության նկատմամբ անտարբեր են դառնում, կարծում է Եգիպտոսի Պետական տեղեկատվական ծառայության ղեկավար Սալահ Աբդել Սադեկը (Salah Abdel Sadek): Պաշտոնյայի կարծիքով, դա մասամբ նպաստել է «Իսլամական պետություն» կազմակերպության ծաղկմանը:
The Metro-ն գրում է, որ Կահիրեի համաժողովին ելույթ ունենալով, Սադեկն ասել է, որ «Թոմ եւ Ջերրի» մուլտսերիալում բռնի գործողությունները որպես զվարճալի մի բան են ներկայանում, ինչը հանգեցնում է հետեւյալ մտքին. «Այո, ես կարող եմ հարվածել նրան եւ կարող եմ պայթեցնել»: Նման մտքերը, պետական ծառայության ղեկավարի տեսանկյունից, մնում են գիտակցության մեջ, որպես բնական մի բան:
The Metro-ն նշում է, որ Սադեկի ելույթից հետո եգիպտական Youm7 թերթը մանրամասնորեն նկարագրել է, թե Թոմը եւ Ջերրին ինչպես են աջակցում ահաբեկչությանը: Տվյալ հոդվածում ընդգծվում է, որ մուլտն այլասերում է արդարության գաղափարը, երեխաներին օգնում է խորամանկ պլաններ կառուցել, արդարացնում է դանակի, ատրճանակի, բենզասղոցների օգնությամբ բռնությունը: Բացի այդ, նյութի հեղինակն ուշադրություն է դարձնում այն բանին, որ մուլտֆիլմը սովորեցնում է ալկոհոլ օգտագործել, ծխել եւ գողանալ:
Միաժամանակ EgyptianStreets-ը գրում է, որ նման մեղադրանքները չեն նշանակում, թե կառավարությունը միջոցներ ձեռք կառնի «Թոմը եւ Ջերրին» արգելելու ուղղությամբ, հայտնում է Lenta-ն:




























