Երեւանում այսօր՝ մայիսի 9-ին, անցկացվեց «Անմահ գունդ» հասարակական ակցիան՝ նվիրված ֆաշիզմի դեմ պատերազմում տարած Մեծ հաղթանակին:
Ակցիայի մասնակիցները հավաքվեցին Սարյանի պուրակում, որտեղից երթով Մաշտոցի պողոտայոց շարժվեցին դեպի Մատենադարան, այնտեղից էլ ավտոարշավով դեպի Հաղթանակի զբոսայգի:
«Խոնարհվում ենք հայրենական պատերազմում ու Շուշիի ազատագրման համար զոհված մեր հայրենակիցների հիշատակի առջեւ: 71 տարի առաջ այս օրը ավարտվեց մարդկության պատմության ամենասարսափելի պատերազմը, որը խլեց ավելի քան 20 միլիոն մարդու կյանք: Խորհրդային Հայաստանը՝ կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ իր մեծ ավանդն ունեցավ մեր ընդհանուր հայրենիքի՝ ԽՍՀՄ-ի պաշտպանության գործում: Այս մենք հիշում ու հիշատակում ենք նաեւ ժամանակակից հերոսներին, ովքեր զոհվեցին ընդամենը մեկ ամիս առաջ՝ պաշտպանելով Արցախի սահմանները»,- ասված է ակցիայի կազմակերպիչների տարածած հայտարարությունում:
Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքերում են բռնել պատերազմի վետերանների լուսանկարները:
Ակցիայի կազմակերպիչներն են Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, ՀՀ Պատերազմի վետերանների միությունը, Ռուս-հայկական երիտասարդական միությունը, ռուսական մշակույթի «Հարմոնիա» միջազգային կենտրոնը, Հայաստանի խորհրդային սպաների միությունը:





























