ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբել Մելիքյանը կշարունակի իր նախորդի՝ Յուրի Հայրապետյանի սկսած՝ ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին միջազգային հանրությանը տեղեկացնելու գործը:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ռուբեն Մելիքյանը պարզաբանեց, որ միջանկյալ զեկույցների նախապատրաստման ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն, դրանց հիման վրա հետագայում վերջնական զեկույց կկազմվի:
«Այդ մասին ես հայտարարեցի նաեւ ԼՂՀ Ազգային ժողովում ունեցած ելույթում»,- նշեց օմբուդսմենը՝ հավելելով, որ միջանկյալ անվանումն արդեն զեկույցների շարք է ենթադրում:
Ավելի վաղ ԼՂՀ օմբուդսմեն Յուրի Հայրապետյանը միջանկյալ զեկույց է պատրաստել 2016 թվականի ապրիլի 2-5-ն Արցախի խաղաղ բնակչության եւ Պաշտպանության բանակի զինծառայողների նկատմամբ Ադրբեջանի զինվորականների իրականացրած դաժանությունների մասին: Զեկույց է հրապարակվել նաեւ Euro Ombudsman եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի պաշտոնական պարբերականի հերթական համարում:





























