Ընտրական օրենսգրքի շուրջ քաղաքական ուժերի միջեւ կոնսենսուսը գումար բերող հանգամանք է, եթե կայանա այդ կոնսենսուսը, միջազգային հանրությունը ընտրական գործընթացներին տեխնիկապես կաջակցի, հակառակ դեպքում չի լինի աջակցություն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։
«Գերադասելի եմ համարում՝ որքան հնարավոր է շուտ ձեռք բերվի կոնսենսուսը, բայց եթե անգամ չհաջողվի կոնսենսուսը ձեռք բերել, բայց իշխանությունը ցույց տա, որ պատրաստ է գնալ հանրությանն ընդառաջ ու ի վերջո հասնենք կոնսենսուսի անգամ Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո, դա տեխնիկայի խնդիր է դառնում»,-ասաց Զուրաբյանը։
Ըստ նրա՝ կոնսենսուսը կարող է տեղի ունենալ նաեւ հունիսի 1-ին Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո։ Այսինքն՝ օրենքի ընդունումից հետո կարող են շարունակվել քննարկումները, եւ եթե կողմերի միջեւ որոշ հարցերի կապակցությամբ զիջումներ լինեն ու հայտարարվի կոնսենսուսի մասին, ապա արտահերթ նիստով փոփոխությունները կներառվեն օրենսգրքում։
«Եթե կա քաղաքական համաձայնություն, կարելի է արտահերթ նիստ էլ հրավիրել ու անմիջապես ընդունել այն փոփոխություները, որոնց շուրջ կատարվել է այն մեծ համաձայնությունը քաղաքական ուժերի, իշխանության, ընդդիմության եւ քաղաքաքացիական հասարկության միջեւ, բայց ես կարծում եմ, որ ավելի գերադասելի է աշխատել ու հիմա արդեն ունենալ այդ կոնսենսուսը»,-ասաց Զուրաբյանը։
Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց, որ իշխանության կողմից զիջումների պատարստակամության ազդակներ ստանալուց հետո կարող են վերսկսել 4+4+4 ձեւաչափով քննարկումները։
Զուրաբյանը վստահեցրեց, որ եթե մինչեւ հունիսի 1-ը, որը ընտրական օրենսգիրքը ընդունելու վերջնաժամկետն է, չլինի կոնսենսուս, իրենք դեմ են քվերակելու, եթե նույնիսկ հետագայում 4+4+4 ձեւաչափով քննարկումները վերսկսելու հեռանկար լինի։




























