Եվրոպան պիտի գիտակցի, թե ինչ է Եվրասիական տնտեսական միությունը եւ սկսի նրա հետ աշխատանք կառուցել: Այդ մասին մայիսի   12-ի հեռուստակամրջի ընթացքում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ, մակրոէկոնոմիկայի եւ ինտեգրացիայի հիմնական ուղղությունների նախարար Տատյանա Վալովայան:  

Նրա խոսքով, Եվրամիությունը եւ ԵՏՄ-ն բնական գործընկերներ են:  «Եվ մենք հույս ունենք, որ տարեվերջին կկարողանանք ինչ-որ կերպ առաջ մղել այդ երկխոսությունը», - նշել է Վալովայան: Ղազախստանի նախագահի Բրյուսել այցելության եւ հանդիպումների ընթացքում, հիշեցրել է նա, խոսքն այն մասին էր, որ աշնանն անհրաժեշտ է միջազգային մեծ համաժողով կազմակերպել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Եվրոպական հանձնաժողովի մասնակցությամբ:  «Եվ ուղղակի անկեղծորեն խոսել, թե իրենից ինչ է ներկայացնում Եվրասիական տնտեսական միությունը եւ նրա գործունեությունից ինչ առավելություններ է ստանում Եվրոպան: Եվրոպական բիզնեսը վերջին տարիներին հարց է տալիս, թե ի վերջո երբ է սկսվելու երկխոսությունը ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ: Այդ պատճառով մենք զգում ենք, որ այժմ շատ բարենպաստ ժամանակ է», - ընդգծել է Տատյանա Վալովայան, հավելելով, որ Ղազախստանն այս տարի առաջարկել է 2016-ը դարձնել ԵՏՄ-ի` ինտեգրացիոն այլ միությունների հետ փոխգործակցության խորացման տարի: 

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Ռուսաստանի Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպմանը հայտնել է աշնանը Եվրասիական տնտեսական միության եւ Եվրոպական միության համատեղ ֆորումի անցկացման մասին: