ԵԱՀԿ-ի կողմից ներկայիս ձեւաչափով իրականացվող դիտարկումներն արդյունավետ չեն եւ Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հրադադարը։ Այդ մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, որը մայիսի 12-ին հանդիպել է Գերմանիայի կառավարության` ԵԱՀԿ գերմանական նախագահության հարցերով հատուկ ներկայացուցչի գրասենյակի պետ Թոմաս Լենկին: Հանդիպմանը ներկա էր նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը եւ հնարավոր զարգացումներին առնչվող հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը Թոմաս Լենկին ներկայացրել է ապրիլի սկզբին ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում եւ հայ-ադրբեջանական պետական սահմանին ներկայումս տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն: Դավիթ Տոնոյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ մայիսի 11-ին ԵԱՀԿ առաքելության կողմից Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Թալիշ գյուղի հյուսիս-արեւմտյան ուղղությամբ դիտարկումն անցկացնելուց ժամեր անց ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակոցից նույն վայրում սպանվել է ՊԲ զինծառայող: Վերոնշյալ պատահարը ցույց է տալիս, որ ԵԱՀԿ-ի կողմից ներկայիս ձեւաչափով իրականացվող դիտարկումներն արդյունավետ չեն եւ Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հրադադարը: Շեշտվել է, որ շփման գծում հետաքննության միջազգային մեխանիզմների ներդրումը նմանատիպ միջադեպերի կանխարգելման արդյունավետ գրավականներից է:

Անդրադարձ է կատարվել նաեւ Ադրբեջանի կողմից տարածվող այն տեղեկատվությանը, թե իբր հայկական կողմը օգտագործել է սպիտակ ֆոսֆորային արկ: Վերոնշյալ տեղեկատվության շրջանառության մեջ հայտնվելը եւս մեկ անգամ փաստում է շփման գծում հետաքննության միջազգային մեխանիզմների անհրաժեշտության մասին` նմանատիպ ապատեղեկատվության տարածումը կանխելու համար: