Հաստանի նախագահ Սերժ Սարգսյանը արեւմուտքի համար բարենպաստ միջավայր է ստեղծում՝ Հայաստանում տրանսֆորմացիոն հեղափոխություն անցկացնելու համար: Այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Նրա խոսքով, Արեւմուտքի կողմից իրականացվող տրանսֆորմացիոն հեղափոխության նպատակը Հայաստանի քաղաքական դաշտն իր՝ Արեւմուտքի ծրագրային նպատակներին հարմարեցնելն է եւ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելը:
Անդրադառնալով հաջորդ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի հնարավոր վերընտրությանը, Մանուչարյանը նշեց. «Որեւէ երաշխիք չկա Սերժ Սարգսյանի համար, անգամ, եթե նա այդ երաշխիքների մասին ինչ որ տեղ լսել է»: Այս համատեքստում բանախոսը հիշեցրեց Պինոչետի օրինակը, ով Արեւմուտքի համար ամեն ինչ արել է՝ կոմունիզմն արմատախիլ անելու ուղղությամբ: «Բայց երբ դարձավ մի քիչ տարեց մի քիչ էլ գործից կտրված՝ բռնեցին, տարան, նստացրեցին, դատեցին, ընտանիքին հետապնդեցին, քանի որ աշխարհը մի նմուշի կարիք ուներ, որ այդ նմուշի վրա դաստիարակեր, թե ժողովուդ, չի կարելի բռնակալ լինել»,-նկատեց նա:
Ինչ վերաբերում է 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, ապա, Մանուչարյանը, դատելով իշխանության շուրթերից հնչած կանխատեսումներից, նշեց, որ խորհրդարան կանցնեն ՀՀԿ-ն՝ երիտասարդացված տեսքով, ՕԵԿ-ը, որի ցուցակը կազմված է լինելու Արեւմուտքի ճաշակով:
Խորհրդարան կմտնեն նաեւ Հայ ազգային կոնգրեսն ու «Ժառանգությունը»: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա այն եւս տեղ կունենա ԱԺ-ում, սակայն համեստ ներկայացվածությամբ: Բոլոր ուժերն էլ, ըստ Մանուչարյանի, գործելու են արեւմուտքի թելադրանքով եւ իրականացնելու են արեւմուտքի կամքը:
NEWS.am-ի հարցին, թե, արդյոք, Լեւոն Տեր-Պետրոսյանը Արեւմուտքի կողմից դիտարկվո՞ւմ է որպես Հայաստանի ապագա նախագահ, նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամը պատասխանեց. «Արեւմուտքը բարդ է տեխնոլոգիապես, ես չեմ կարող ասել: Համ էլ, Արեւմուտքը նուրբ համակարգ է եւ սովոր է աշխատել շատ-շատերի հետ, համարյա բոլորի»:





























