Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպեց Ֆրանսիայի Սենատի՝ եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Ժան Բիզեին, որի հետ քննարկել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետեւանքները հաղթահարելուն ուղղված ջանքերը, բանակցային գործընթացը վերսկսելու հնարավորությունները:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այս առումով Էդվարդ Նալբանդյանը կարեւորեց Ժան Բիզեի ս.թ. ապրիլի 7-ին հրապարակած հասցեական հայտարարությունը, իրավիճակին տրված գնահատականն ու հիմնախնդրի կարգավորման նպատակով առաջարկվող քայլերը։ Երկուստեք շեշտվեց միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման անհրաժեշտությունը։

Հանդիպմանն անդրադարձ արվեց Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, համագործակցության նոր իրավական հիմքի շուրջ բանակցություններին, մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆրանսիայի Սենատում եւ Ազգային ժողովում Հայաստանի խորհրդարանի հետ բարեկամության խմբերի անդամներին, որոնց հետ քննարկեց հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր, երկու երկրների օրենսդիր մարմիների միջեւ փոխգործակցությունը, խորհրդարանական վեհաժողովներում համագործակցությունը։

Հանդիպման գլխավոր թեման էր Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքների հաղթահարումը։ Էդվարդ Նալբանդյանը ֆրանսիացի խորհրդարանականներին հանգամանալից ներկայացրեց այդ ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։

Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց մերձավորարեւելյան զարգացումներին, ահաբեկչության դեմ պայքարին, միգրացիոն ճգնաժամին։