Սիրիացի երեխաները Թուրքիայում օրական 12 ժամ հագուստ են կարում: Այս մասին նշված է լեհական TVN 24 հեռուստաալիքի պատրաստած ռեպորտաժում: Լրագրողները թաքնված տեսախցիկով նկարահանել են կարի արտադրամասը, որտեղ աշխատում են սիրիացի երեխաները:

Փոքրիկներն ասում են՝ 10-11 տարեկան են: Ստամբուլում փախստականների երեխաների համար դպրոց է բացվել, որտեղ 10-ամյա փոքրիկները գրել եւ կարդալ են սովորում: Դասարան է մտնում տնօրենը:

«Նախկինում ո՞վ է ստիպված եղել աշխատել»,- հարցնում է նա: Բոլորը բարձրացնում են ձեռքերը:

Դպրոցի տնօրեն Շաֆիկ Սուլեյմանը երեխաներին անվճար է ընդունում: Նրանց ծնողներն ի վիճակի չե՞ն հոգալ երեխաների ծախսերը: «Ո՛չ»,- պատասխանում է տնօրեն Սուլեյմանը եւ հավելում. «Այդ պատճառով նրանց ուղարկում են աշխատելու: Գոյատեւելու այլ միջոց չեն տեսնում»:

Իսկ չե՞ն ցանկանում աշխատանքի ընդունել ծնողներին, այլ ոչ երեխաներին:

Հարցին պատասխանում է թուրք հոգեբան Լեյլա Աքչան. «Երեխաների վրա կարելի է շատ պարտականություններ դնել, նրանք չեն բողոքի»:

Human Rights Watch-ի տվյալներով՝ Թուրքիայում շուրջ 3 մլն փախստական կա Սիրիայից:

Վերջերս թուրք սահմանապահները հրաման են ստացել՝ կրակել ժամանող փախստականների վրա: 5 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխա, ավելի քան 10 մարդ ծանր վիրավոր է:

Փախստականների հարցով համաձայնության շրջանակում Անկարան պետք է 6 մլրդ եվրո ստանա, որպեսզի ընդունի Եվրոպայից հետ ուղարկված սիրիացիներին: Թուրքիա վերադարձին են սպասում ներկայում Հունաստանի ճամբարներում գտնվող շուրջ 8.5 հազար փախստականներ:

«Մենք ընդամենը միջոց ենք Թուրքիայի նախագահի համար Եվրամիության հետ խաղում»,- ասում է փախստական Ամիր Իսմայիլը. «Նա օգտագործում է մեզ եւ ստեղծված իրադրությունը, եւ ինձ թվում է՝ դա նրան դուր է գալիս»:

Փախստականների մեծ մասն իր ապագան Թուրքիայում չի տեսնում: Նրանք փորձում են ինքնուրույն Եվրոպա հասնել: Դեպքեր են եղել, երբ փոխադրողները փրկարար բաճկոն տալու համար կանանցից սեռական հարաբերություն են պահանջել:

Մակեդոնիայում հունական փակ սահմանի մոտ գտնվող փախստականների ճամբարում չեն սպասում, որ Եվրոպան վերջապես կընդունի իրենց: Նրանք նույնիսկ բիզնես են սկսում:

«Չեմ կարող հենց այնպես նստել: Այդ պատճառով ֆալաֆելի կրպակ ենք բացել: Ինքներս ենք պատրաստում: Մեզ եկամուտ չի բերում, բայց փորձում ենք նորմալ ապրել»,- ասում է փախստական Ռայեդ Անբիտաուին:

«Նրանք սկսում են աշխատել, երբ հասկանում են, որ սահմանը հստակ փակ է, որ դեպի Եվրոպա ճանապարհին մեկ կամ երկու չեն սպասելու»,- ասում է փախստականների հարցերով ՄԱԿ-ի հանձնակատարի ներկայացուցիչ Մարկո Բուոնոն:

Ըստ տեսանյութի հեղինակների, Սիրիայում պատերազմի 5 տարիների ընթացքում փախստականները 150 հազար երեխա են ունեցել, որոնք երբեք տուն չեն ունեցել, երբեք նորմալ կյանք չեն տեսել: