Բրազիլիայի պաշտոնից հեռացված նախագահ Դիլմա Ռուսեֆը քննադատել է պետության ժամանակավոր ղեկավար Միշել Թեմերի գործողությունները, որը ձեւավորել է նոր կառավարություն՝ առանց դրանում ընդգրկելու գոնե մեկ կնոջ, կամ սեւամորթի, հայտնում է «ՌԻԱ Նովստին»:

«Ցավում եմ, որ կառավարությունում չկան կանայք եւ սեւամորթներ, եւ գենդերային հարցն առայսօր առանցքային է մի երկրի համար, որտեղ բնակչության ավելի քան 50 տոկոսը կանայք են»,- ասել է Ռուսեֆը:

Սենատը օրերս 55 «կողմ» ձայնով հավանությունէ տվել Ռուսեֆի իմփիչմենթի գործընթացը շարունակելուն: Սա նշանակում է՝ Ռուսեֆը 180 օրով հեռացվել է պաշտոնից, իսկ նրա պարտականությունները ստանձնել է փոխնախագահ Միշել Թեմերը: Նա արդեն նոր կառավարություն է ձեւավորել 24 նախարարներից:

Ռուսեֆի խոսքով, նոր կառավարությունը «լիբերալ է տնտեսության տեսակետից ու ծայրաստիճան պահպանողական սոցիալական ու մշակութային ոլորտներում»: Մինչ այդ երկրի ֆինանսների նախարար Էնրիկե Մեյրելեշը խոստացել էր, որ Բրազիլիան մոտ ժամանակներս կհայտարարի կոշտ, բայց անհրաժեշտ տնետսական քայլերի մասին: