Գերմանիայի Բունդեսթագը որոշել է դատապարտել Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանությունը` հունիսին ներկայացվելիք բանաձեւի վերնագրում օգտագործելով հենց ցեղասպանություն եզրը, այս մասին հայտնում է Der Spiegel պարբերականը:

Պարբերականի տեղեկություններով` չնայած Թուրքիայի բողոքներին, խորհրդարանի խմբակցությունները` Կանաչները, Սոցիալ-դեմոկրատներն ու ՔԴՄ-ն, չեն պատրաստվում կեղծ հարգանք ցուցաբերել Թուրքիայի նախագահ Էրդողանի նկատմամբ:

«Իհարկե Գերմանիան ունի Թուրքիայի կարիքը, սակայն Բունդեսթագը չի պատրաստվում զիջումների գնալ Հայոց ցեղասպանության հարցում»,- նշում է թերթը: Երկարատեւ բանավեճերից հետոխորհրդարանի խմբակցությունները ներկայացրել են միասնական բանաձեւ,  որում հստակ օգտագործվում է ցեղասպանություն եզրը` «101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ու մյուս քրիստոնյաների ցեղասպանության հիշատակին»,-ասված է փաստաթղթի վերնագրում:

Նշենք, որ հունիսի 2-ին Բունդեսթագըում բանաձեւը քվեարկության կդրվի։
«Հնարավոր է, դա առաջ բերի Անկարայի զայրույթը, սակայն Բունդեսթագը թույլ չի տա իրեն ճնշել այնպիսի բռնապետի կողմից, ինչպիսին Էրդողանն է: Բունդեսթագի որոշումից հետո Թուրքիայի համար այլեւս շատ դժվար կլինի երկար ժխտել Ցեղասպանությունը»,- ասել է Կանաչների խմբակցության ղեկավար, բանաձեւի նախաձեռնող Ջեմ Օզդեմիրը:

Սոցիալ դեմոկրատների խմբակցության ղեկավար Թոմաս Օփերմանը նշել է, որ Գերմանիան իր պատասխանատվության բաժինն է կրում` որպես Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության դաշնակից: «Սա բոլորովին կապ չունի փախստականների հարցում Թուրքիայի հետ ընթացող քննարկումների հետ: Մենք չպետք է կեղծ հարգանք ցուցաբերենք Էրդողանի նկատմամբ »,- ասել է պատգամավորը: