Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատունն իր պաշտոնական կայքում հայտնել է մայիսի 19-ի տոնի օրը Թուրքիայում հնարավոր ահաբեկչական գործողությունների մասին, ամերիկյան քաղաքացիներին կոչ անելով նախազգուշական միջոցներ ձեռք առնել:
«ԱՄՆ-ի դեսպանատունը տեղյակ է ԶԼՄ-ների հաղորդագրություններին Թուրքիայում հինգշաբթի մայիսի 19-ին Աթաթուրքի դամբարանում հնարավոր նոր ահաբեկչական գործողությունների մասին: Միջազգային եւ տեղական ահաբեկչական կազմակերպությունների թիրախ կարող են դանալ նաեւ օտարերկրացի, այդ թվում` ամերիկացի զբոսաշրջիկները, ինչն առաջվա նման անհանգստություն է առաջացնում: Դեսպանատունն ԱՄՆ-ի քաղաքացիներին կոչ է անում հետեւել Թուրքիայում շրջագայողների համար անվտանգության զգուշացումներին», — ասվում է ամերիկյան դիվանագիտական առաքելության հաղորդագրության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Դեսպանատունն ԱՄՆ-ի քաղաքացիներին տեղեկացրել է զգուշություն պահպանելու անհրաժեշտության մասին Անկարայում մայիսի 22-ին նախատեսված իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության համագումարի առիթով, որի անցկացման շրջանում հնարավոր են բողոքի փողոցային ակցիաներ եւ անկարգություններ:





























