ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ենթադրում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կերկարաձգվեն, չնայած այն բանին, որ ընկերակցության ներսում տարաձայնություններ կան այդ հարցի վերաբերյալ: Այդ մասին նա հայտնել է   Die Welt թերթում հրապարակված հարցազրույցում:

«Ես ակնկալում եմ դա», - ասել է Մոգերինին:  «ԵՄ-ի պետությունների ղեկավարները եւ երկրների կառավարությունները պատժամիջոցների վերացումը կապել են մինսկյան համաձայնագրերի լիակատար իրականացման հետ: Դրան դեռեւս չենք հասել», - կարծում է նա, մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Անդրադառնալով ՌԴ-ի դեմ պատժամիջովների վերացմանը կամ թուլացմանը` Մոգերինին նշել է, որ ԵՄ-ում «միշտ գոյություն են ունեցել տարբեր կարծիքներ մեր պատժամիջոցային քաղաքականության որոշ հատվածների վերաբերյալ», բայց, «չնայած տարաձայնություններին, մենք միշտ միասնության ենք հասել»:

«Մենք երկար ժամանակ Ռուսաստանին ռազմավարական դաշնակից էինք համարում: Այսօր դա այլեւս այդպես չէ, բայց նա առաջվա պես շարունակում է ռազմավարական երկիր լինել», - նշել է Մոգերինին` հիշեցնելով, որ Արեւմուտքը համագործակցում է Մոսկվայի հետ Սիրիայում եւ Լիբիայում հակամարտությունների լուծումների, մերձավորարեւելյան կարգավորման փնտրտուքում, Իրանի հետ բանակցություններում: