EgyptAir ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Եգիպտոսի օդային տարածքում, հունական Կարպատոս կղզուց ոչ հեռու: Այդ մասին իր Twitter-ում հայտնել է AFP գործակալությունը` վկայակոչելով հունական օդանավակայանի աղբյուրներին (թե որ, չի նշվում):
Ավելի վաղ EgyptAir-ից հայտնել էին, որ ինքնաթիռն անհետացել է Եգիպտոսի առափնյա հատվածից 280 կմ հեռավորության վրա: Ի սկզբանե ինքնաթիռը սկսել են փնտրել եգիպտական ափից 50-65 կմ-ի վրա, հիշեցնում է Lenta-ն:
Reuters գործակալությունը հայտնում է նաեւ, որ ռադարներից անհետացած A320-ից աղետի ահազանգ է ստացվել: Այն իբր գրանցել են եգիպտացի զինվորականները: Սակայն հանրապետության ուժային կառույցներում այդ տեղեկությունը հերքել են: Միաժամանակ Եգիպտոսի ավիացիայի նախարարությունը հաստատել է ավիաաղետի փաստը:
Փարիզից Կահիրե թռչող ինքնաթիռը ռադարներից անհետացել է մայիսի 19-ին Հունաստանի օդային տարածքից դուրս գալուց հետո: Որոնումների համար արտակարգ օպերատիվ խումբ է ստեղծվել, որի մեջ մտել են ավիացիոն բոլոր ծառայությունների ներկայացուցիչները: Ինքնաթիռում 12 երկրի քաղաքացի է եղել, ընդամենը` 66 մարդ:





























