Իրավապահ մարմինները մինչեւ վերջ կզբաղվեն եւ համապատասխան գնահատական կտան ապրիլի 25-ին Իջեւանի զորամասերից մեկի կրակային դիրքում մահացած զինծառայող Հովհաննես Պետրոսյանի դեպքին: Այսօր՝ մայիսի 19-ին, Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով մահացած զինծառայողի հոր հայտարարությանը, թե որդին իրեն պատմել է, որ սպաներին թույլ չի տալիս բենզին գողանալ, լարված են իր դեմ:

«Դեպքին տեղյակ եմ, քրեական գործ է հարուցված, եւ քրեական գործի շրջանակներում կարծում եմ մեր իրավապահ մարմինները մինչեւ վերջ կզբաղվեն եւ համապատասխան գնահատական կտան այդ ամենին»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Հովհաննես Պետրոսյանի հայրը NEWS.am-ի թղթակցին ավելի վաղ պատմել էր, որ որդին իրեն դեպքից օրեր առաջ պատմել է, որ սպաներն ուզում են բենզին գողանալ, ինքը թույլ չի տալիս, այդ պատճառով կոնֆլիկտի մեջ է մտել նրանց հետ:

«Ասաց՝ պապա, գողություն են անում, ընկել են ոտիս հետեւից: Կալոնկեն փակել եմ, ֆռֆռում ա, չի կարում բենզին գողանա, մանթո նայում ա դեմքիս: Ասեց՝ պապ, ավտոս կգնա պազիցիա կմտնի, կմնամ առանց բենզինի, կխփեն»,- պատմել էր զինծառայողի հայրը՝ նշելով, որ ինքն անուն առ անուն գիտի այդ բոլոր սպաներին:

Սեյրան Օհանյանը պնդեց, որ իրենք տեղեկություններ չունեն, որ բենզին գողանալու պատճառն է եղել Հովհաննեսի մահվան պատճառը:

Նշենք, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի  110 հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը): Նախաքննություն է ընթանում: