Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն հեռախոսազրույց է ունեցել իր եգիպտացի գործընկեր Սամեհ Շուքրիի հետ EgyptAir ավիաընկերության Միջերկրական ծովում կորած  MS804 ինքնաթիռի վերաբերյալ: Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը:   

«Ժան-Մարկ Էյրոն վերջերս խոսել է իր եգիպտացի գործընկերոջ հետ MS804 EgyptAir-ի անհետացման վերաբերյալ», -գրել է դիվանագետը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:   

Հեռախոսազրույցի ընթացքում ֆրանսիացի նախարարը եգիպտացի գործընկերոջն իր համերաշխությունն է հայտնել «այդ սարսափելի փորձության կապակցությամբ, որը վերաբերում է նաեւ ֆրանսիական քաղաքացիների»:

Երկու նախարարն ընդգծել են երկու երկրի միջեւ սերտ համագործակցության անհրաժեշտությունը ուղեւորների ընտանիքներին օգնելու, ինչպես նաեւ ինքնաթիռի անհետացման պատճառների փնտրտուքի գործում», — ասված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: