Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատարանում որպես վկա կհարցաքննվի Կարեն Բաղրամյանը, որը մեղադրվում է կուրսանտի սպանությունից ժամեր առաջ նրա հետ վիճաբանելու եւ բռնության գործադրմամբ նրան հարվածներ հասցնելու մեջ: Նման միջնորդությամբ այսօր` մայիսի 19-ին, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հանդես եկավ ամբաստանյալ Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանը: Դատարանը միջնորդությունը բավարարեց:

Դատարանը որոշում կայացրեց նաեւ որպես վկա դատարանում հարցաքննել Հայկազ Բարսեղյանի սպանության գործով բացատրություններ տված մի քանի երիտասարդների` Արտյոմ Ավետիսյանին, Արթուր Սիմոնյանին, Հարութ Հովսեփյանին:

Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց մայիսի 26-ին:

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում: