Բունդեսթագում ներկայացված բանաձեւում Գերմանիայի պատասխանատվության եւ մեղսակցության մասին հատվածը ավելի մեղմ կլինի։ Այս մասին ասել է Գերմանիայի Բունդեսթագի «Ձախեր» խմբակցության պատգամավոր Ուլլա Յելփքեն՝ անդրադառնալով NEWS.am-ի հարցին այն մասին, որ Բունդեսթագում ներկայացված բանաձեւի մեջ լինելու է նաեւ Գերմանիայի պատասխանատվությունը մատնանշող կետ։

Նրա խոսքով, սակայն, «Ձախերը» կարծում են, որ պետք է կոնկրետ նշել թե ինչ դեր են ունեցել գերմանացիները Հայոց ցեղասպանության ժամանակ:

«Համոզված եմ, որ բանաձեւում Գերմանիայի պատասխանատվության մասին ուղղակի հիշատակում կլինի եւ դրանով ամեն բան կսահմանափակվի։ Կոնկրետ գործողություններ չեն լինի։ Մենք կարծում ենք, որ պետք է նշված լինի, թե հատկապես ինչ են արել գերմանացի զինվորները, գեներալները։ Չէ՞ որ որպես Օսմանյան Կայսրության դաշնակից՝ նրանք ուղղակի չեն կանգնել եւ կողքից նայել»,- ասել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ ինքը գրեթե վստահ է, որ այդ մասին անդրադարձը բանանձեւում չի ներառվի։ «Արդեն պարզ է, թե ինչպես դրան կվերաբերի Թուրքիան։ Այդ պատճառով մենք հիմք ունենք կարծելու, որ ձեւակերպումը փափուկ կլինի։ Ամեն դեպքում մենք ստիպված կլինենք ընդունել բանաձեւը, ինչ տեսքով էլ որ այն լինի, քանի որ դա մի քայլ առաջ է մեր հետագա պայքարի համար»,- ասել է Ուլլա Յելփքեն։