Խանտի Մանսիյսկում համատեղ ասուլիսով հանդես են եկել ՖԻԴԵ-ի վերընտրված նախագահ Կիրսան Իլյումժինովը եւ ՖԻԴԵ-ի նախագահի նախկին թեկնածու Անատոլի Կարպովը: Աշխարհի 12-րդ չեմպիոնը շնորհակալություն է հայտնել բոլոր աջակիցներին եւ պատմել է առաջիկա ծրագրերի մասին: Իլյումժինովը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Կարպովի եւ Կասպարովի հետ, նաեւ ընդունել է Կարպովի նախընտրական մի քանի դրույթներ:
Իլյումժինովը նշել է, որ հենց Կարպովի մասնակցությունը նախագահի ընտրություններին հրավիրեց ոչ միայն շախմատիստների, այլեւ ամբողջ աշխարհի լրատվամիջոցների ուշադրությունը: Իլյումժինովը վերհիշել է անցյալը եւ շնորհակալություն է հայտնել Կարպովին արդեն հեռավոր 1995-ին իր թեկնածությունը Փարիզում կայացած ՖԻԴԵ-ի Գլխավոր ասամբլեայում առաջադրելու համար: «Անատոլի Կարպովի թեթեւ ձեռքով արդեն 15 տարի այս պաշտոնում եմ»,- ասել է Իլյումժինովը:
ՖԻԴԵ-ի նախագահը համաձայնել է կատարել ՖԻԴԵ-ի միջազգային կոչումների համար գանձումները վերացնելու եւ աշխարհի չեմպիոնի մրցամարտը 14-16 պարտիայով անցկացնելու Կարպովի առաջարկները:
Իլյումժինովն ու Կարպովը նպատակ են դրել ՖԻԴԵ-ի անդամ բոլոր 170 երկրներում շախմատը ներառել դպրոցական ծրագրում:
Անդրադառնալով ՖԻԴԵ-ի փոխնախագահ դառնալու Իլյումժինովի առաջարկին` Կարպովը նշել է, որ ինքը ցայտնոտում չէ եւ պարտավոր չէ այժմ կոնկրետ պատասխան տալ: Բացի այդ, Իլյումժինովը Գարի Կասպարովին առաջարկել է մտնել ՖԻԴԵ-ի նորաստեղծ Չեմպիոնների խորհուրդ:




























