Հոկտեմբերի 2-ին, ժամը 12.00-ին, Վանաձորի կենտրոնական հրապարակում Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հանդես է գալիս հետաքրքիր նախաձեռնությամբ:
Հրապարակում կկայանի «Կանաչ Ավտոբուսը», որը յուրահատուկ, երեխաների կողմից նկարազարդված, էկոլոգիական գրականությամբ եւ ֆիլմերով զինված ավտոբուս է: Այն ամբողջ ամառ շրջել է Հայաստանի տարբեր մարզերում եւ տեղի բնակչությանն ու մասնավորապես երեխաներին «տվել» բնապահպանական գիտելիքներ: Վանաձորի հրապարակում երեխաները նկարակալների վրա կնկարեն առաջիկա Համահայկական նկարչական օրվա շրջանակներում հայտարարված մրցույթի թեմաներով` «Իմ երազած Կենդանաբանական այգին», «Իմ Հայրենի բնությունը» «SOS»:
Վանաձորի երեխաների նկարները կմասնակցեն մրցույթին եւ կտեղադրվեն Նկարչական օրվա կայքէջում:
Այդ օրը, նույն ժամին, զուգահեռ Վանաձոր քաղաքում մեկ այլ միջոցառում տեղի կունենա . թիվ 10 դպրոցի աշակերտներն իրենց ուժերով հավաքած թղթե թափոնն ու պլաստիկե շշերը կհանձնեն Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին` հետագայում վերամշակված թուղթ ստանալու եւ իրենց քաղաքի կանաչապատման ծրագիրն մասնակցելու համար:
Հիշեցնենք, որ նույն օրը Վանաձորում նշվում է նաեւ քաղաքի տոնը եւ բնապահպանները ակնկալում են, որ քաղաքի տոնը լուսաբանողները չեն անտեսի նաեւ երեխաների ջանքն ու նախանձախնդրությունը:




























