Ադրբեջանը պատերազմ չի սանձազերծի: Լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել ռուս քաղաքական վերլուծաբան Մատվեյ Գանապոլսկին: Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից զինված հարձակումը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ անիմաստ քայլ է: Անիմաստ է՝ հենց Ադրբեջանի տեսանկյունից, քանի որ, ըստ վերլուծաբանի, ցանկացած պատերազմ իրենից նաեւ պարտություն է ներկայացնում: Բոլորն իրենց տնտեսական շահերն ունեն, որոնք շրջանցելը ճիշտ չէ, ուստի, ըստ Գանապոլսկու, իրատեսական չէ կարծիքը, որ Ադրբեջանը պատերազմական գործողություններ կսկսի՝ անտեսելով այս ամենը:
« Մի´ խանգարեք Իլհամ Ալիեւին՝ ներշնչել իր հասարակությանը, որ ինքը հաջողված ու վճռական քաղաքական գործիչ է: Ինչո՞ւ եք դուք, հայերդ, խառնվում Ադրբեջանի ներքին գործերին: Կա հզոր քաղաքական գործիչ Իլհամ Ալիեւ, նա բացատրում է իր հասարակությանը, որ եթե որեւէ մեկը խանգարի իրեն, կպատժվի.. Ինչո՞ւ եք նրան խանգարում, մարդն իր ժողովրդի համար մշակած ռազմավարություն ունի…»:
Գանապոլսկին խորհուրդ է տալիս հաշվի առնել նաեւ այն հանագամանքը, որ հարձակմանը կհաջորդի նաեւ միջազգային հանրության խիստ արձագանքը, իսկ Ադրբեջանը դա անտեսել չի կարող: «Ռուսաստանը մտավ Վրաստան, եւ դուք տեսաք՝ այդ ամենն ինչով ավարտվեց»,- նշել է Գանապոլսկին՝ շեշտելով նաեւ այն հանգամանքը, որ Եվրոպան ու ԱՄՆ պայթյունավտանգ Իրանի կողքին հակամարտությունների հրահրման կողմնակից չեն: Իսկ Ադրբեջանն, այս ամենից բացի, ըստ Գանապոլսկու, չի կարող հաշվի չնստել նաեւ տնտեսական կորուստների հետ, որոնք անխուսափելի կլինեն՝ զինված հարձակման դեպքում: «3 քառակուսի մետր վիճելի տարածքը չարժե 3 տրիլիոն կորսված գումարի, իսկ ես կարծում եմ, որ Իլհամ Հեյդարովիչը շատ խելացի քաղաքական գործիչ է, ու նրա հիանալի հատկանիշներից մեկն այն է, որ նա փող հաշվել գիտե»,-ասել է քաղաքական վերլուծաբանը:





























