Բարդ է կանխատեսել ղարաբաղյան հակամարտության  լուծման կոնկրետ ուղիները այն պայմաններում, երբ արժեհամակարգը եւ կոորդինատները, որոնցով սովորաբար լուծվում են հակամարտությունները, փլուզված է, իսկ նորը դեռ չի ստեղծվել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԱՄՆ համաշխարհային անվտանգության ինստիտուտի եվրոպական եւ ասիական ծրագրերի տնօրեն Նիկոլայ Զլոբինը:

Նրա խոսքով, խնդրի լուծման միակ տարբերակը կլինի, որ հակամարտությունն աստիճանաբար սպառի իրեն՝ նոր համակարգի ձեւավորմանը զուգահեռ, թե երբ կլինի՝ կարեւոր չէ: Որպես օրինակ փորձագետը բերեց Եվրամիությունը՝ հիշեցնելով, որ դարեր շարունակ Եվրոպան թաղված էր միջպետական պատերազմների արյան մեջ: «Բայց այսօր արդյունքն ակնհայտ է, երբ թշնամի երկրները միավորվել են իրար հետ»,- նկատել է  Զլոբինը:

Նրա խոսքով, եվրոպական երկրների օրինակը կարող է ուսուցողական լինել նաեւ ղարաբաղյան հակամարտության լուծման գործում, երբ հայկական եւ ադրբեջանական կողմերը թշնամություն անելու փոխարեն՝ նախապատվություն կտան մարդկանց լավ եւ անվտանգ կյանքին:

«Մի խոսքով, նախկին արժեհամակարգի պայմաններում, ղարաբաղյան հակամարտությունը ոչ քաղաքական, ոչ անգամ ռազմական եւ այլ լուծում չունի»,- ամփոփել է փորձագետը: