«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը մասնակցելու է 2012թ. կայանալիք խորհրդարանական եւ 2013-ի նախագահական ընտրություններին: Այդ մասին հոկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը ասել է ինքը՝ Կարապետյանը, հավելելով, որ մտադիր է մասնակցել բոլոր ընտրություններին:
Կարապետյանը չի բացառում նաեւ հեղաշրջման հնարավորությունը Հայաստանում, որի շարժիչը կարող է դառնալ երկու գործոն՝ ղարաբաղյան հարցը եւ սոցիալական վիճակը երկրում. «Հեղաշրջում կլինի, երբ համապատասխան իրավիճակ կհասունանա»:
Մեկնաբանելով Տիգրան Կարապետյանի կանխատեսումը, թե «Նոր ժամանակները» խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է ՀՅԴ-ի հետ, Արամ Կարապետյանը նշել է. «Կարծում եմ՝ Տիգրան Կարապետյանի կնխատեսումները բավական արտասովոր են: Այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ մեկը պարզապես տարածում է այդ լուրերը: Մենք պատրաստ ենք միավորվել բոլորի հետ, ով պատրաստ է լայն ընդդիմադիր դաշտ ստեղծել»:
«Ըստ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանի տվյալների՝ Արամ Կարապետյանը Հայաստանում բնակվում է 2005թ.-ից սկսած: Ստացվում է, որ 2003թ. նախագահական ընտրություններում իմ փոխարեն ուրվական է մասնակցել: Ու չնայած, որ այդ տվյալներով ես չեմ կարող մասնակցել նախագահական ընտրություններին, ես ինքնուրույն կմասնակցեմ: Եթե մինչեւ 2013թ. Հայաստանում ոչինչ չփոխվի եւ հեղաշրջում չլինի, նախագահական ընտրություննեին կմասնակցեմ ինքնուրույն»,- ասել է Կարապետյանը:





























