Եթե այս փուլում Հայաստանի խորհրդարանը ճանաչի ԼՂՀ անկախությունը ամբողջովին կփոխվի բանակցային ողջ գործընթացի տրամաբանությունը, այս մասին հոկտեմբերի 1-ի ասուլիսում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը: Ըստ նրա` քանի դեռ բանակցային գործընթացն իր տրամաբանական ավարտին չի հասել՝ անիմաստ ու վտանգավոր է Հայաստանի կողմից ԼՂՀ-ի անկախության ճանաչման ուղղությամբ որեւէ քայլ կատարելը: «Այդ քայլերն, ըստ Զաքարյանի, արդարացված կլինեն այն պարագայում, երբ սպառված կլինեն Հայաստանի դիվանագիտական զինանոցի բոլոր հնարավոր քայլերը:
Հանրապետական պատգամավորի կարծիքով՝ եթե Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը, ապա ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանին կհետեւեն այլ պետություններ եւս: Չի բացառվում, որ Հայաստանը ճանաչումից հետո մենակ մնա՝ այլեւս անիմաստ դարձնելով բանակցային գործընթացի փիլիսոփայությունը: «Սա այն պատրվակն է, որն այս պահին Ադրբեջանին հնարավորություն կտա միջազգային հանրությանը ներկայացնելու եւ փորձելու հիմնավորել, թե Հայաստանը պատրաստ չէ բանակցություններին ու ավելի ապակառուցողական քաղաքականություն է վարում,- նկատեց ԱԺ պատգամավորը։





























