Հոկտեմբերի 1-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Երեւանում գտնվող Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանը եւ դեսպան Սեմնեբին քննարկել են Հայաստանի եւ Եվրամիության համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր:
Կողմերը նշել են, որ Հայաստան - ԵՄ հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ թե՛ բազմակողմ, թե՛ անդամ երկրների հետ երկկողմ ձեւաչափերով: Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ հուլիսի 19-ին Ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը նոր լիցք է հաղորդել Հայաստան – ԵՄ հարաբերություններին: Նախարարի խոսքով, սեպտեմբերի 24-ին ու 27-ին Երեւանի եւ Բրյուսելի միջեւ տեսակամուրջի միջոցով տեղի ունեցած բանակցությունները բավականին արդյունավետ էին եւ կարեւոր` հոկտեմբերի 12-ին Բրյուսելում կայանալիք բանակցությունների երկրորդ փուլից առաջ:
Նալբանդյանն ու Սեմնեբին անդրադարձել են նաեւ դեկտեմբերի 13-ին Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը եւ դեկտեմբերի 23-ին նախատեսված Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդին քննարկվելիք հարցերին:
Պիտեր Սեմնեբիի խնդրանքով, Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:





























