Ընտրական օրենսգրքի նախագծում կատարված բոլոր փոփոխությունները միտված են ամրագրելու այնպիսի լուծումներ, մոտեցումներ, որոնք առավելագույնս թափանցիկ կդարձնեն ընտրական գործընթացները եւ կնպաստեն հանրության վստահության բարձրացմանը: Այս մասին այսօր` մայիսի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Տեղամասային ընտրական հանձնաժողովում եթե արձանագրվում են այլ թվեր եւ այդ թվերը մեկ այլ արձանագրության մեջ փոխվում են, մենք գործ ունենք հանցագործության հետ, այսինքն էստեղ ԿԸՀ-ն թիվ չի հաշվում, ինքը թիվ, ըստ էության, չի արձանագրում, ստանում է տեղամասերից ստացվող այդ թվերը, ամփոփում է, բայց մինչ այդ աղյուսակավորմամբ յուրաքանչյուր տեղամասով ներկայացնում է»,- ասել է Տիգրան Մուկուչյանն` անդրադառնալով այն մեղադրանքներին, որ ԿԸՀ-ն զբաղված է թվանկարչությամբ:

Տիգրան Մուկուչյանի խոսքով, ընտրակեղծիքը կարող է տեղի ունենալ միայն այն ընտրական հանձնաժողովում, որտեղ ամփոփվում են քվեարկության արդյունքները: «Քվեարկության արդյունքները ամփոփվում են եւ արձանագրվում տեղամասային ընտրական հանձնաժողովում, դրանից հետո եթե տեղամասային հանձնաժողովում արձանագրվել է մի թիվ, հետագայում ԿԸՀ կայքում հայտնվել է մեկ այլ թիվ, բնականաբար մենք գործ ունենք բոլորովին այլ հանգամանքի հետ, որը միանշանակ առանձին քննության առարկա պետք է դառնա»,-ընդգծել է Մուկուչյանը:

Ըստ ԿԸՀ ղեկավարի` հանրաքվեի ժամանակ իշխանության օգտին կեղծիքներ թույլ տված անձանց դատապարտելը հաջորդ ընտրությունների համար կանխարգելիչ նշանակություն կարող է ունենալ: