Հայաստանի ներկայիս հարկային օրենսդրությամբ բիզնեսի համար ավելի շահավետ է շահույթը գրել իր անունով, քան եկամուտը՝ աշխատակիցների: Այս մասին մայիսի 30-ին՝ խորհրդարանում 2015-ի բյուջեի կատարողականի հաշվետվությունը ներկայացնելիս, ասել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ դրա պատճառն այն է, որ Հայաստանում եկամտահարկն ավելի բարձր է, քան շահութահարկը (առաջինը՝ 24.4 տոկոս, երկրորդը՝ 20 տոկոս): Այդ դեպքում բիզնեսի  համար ավելի շահավետ է շահույթը գրել ընկերության անունով, քան բարձրացնել աշխատակիցների եկամուտները, քանի որ ավելի շատ հարկ է վճարելու:

«Փորձը ցույց  է տալիս, որ անգամ հարաբերականորեն բարձր հարկային օրենսդրությամբ երկրներում բիզնեսը դժգոհություն չի հայտնում, եթե բոլոր հարկատուների նկատմամբ հավասար մոտեցում է տեսնում: Մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ», - ասել է նախարարը՝ հավելելով, որ Հարկային օրենսդրության նախագծի շուրջ աշխատանքները շարունակվելու են: