Որտեղ էլ որ գտնվեր 20-ամյա սերժանտ Ադամ Սահակյանը, ամենուրեք ներդաշնակություն էր տիրում: Նա իր բնավորությամբ լիդեր էր:

Մայիսի 28-ին Ադամ Սահակյանը նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով: Սա արդեն հայրենիքի քաջարի պաշտպանի երկրորդ մեդալն է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նրան շնորհել է «Մարտական ծառայության համար» մեդալ:

Ադամի հայրը՝ Խաչատուր Սահակյանը, պատմեց, որ նա Ջրականի մարտական դիրքերից մեկի ավագն էր: «Նրանք պայքարել են 4-5 ժամ, ոչնչացրել են հակառակորդի հատուկ նշանակության ավելի քան 100 ջոկատայինների: Ցավոք, բոլոր 8-ը զոհվել են, ամենավերջում միայն Ադամն էր մնացել, նա ոչ մի քայլ չի նահանջել, կյանքը տալով հայրենիքի համար», - նշում է Սահակյանը:

Վաշտի հրամանատարը ասում էր, շարունակում է հայրը, որ Ադամը շատ լավ էր ղեկավարում մարտական դիրքը: «Վերջին անգամ մենք նրա հետ խոսել ենք ապրիլի 1-ին, ժամը 21:00-ի սահմանում: Նա ասաց. «Ամեն ինչ լավ է, հանգիստ եղեք»: Իսկ գիշերն արդեն սկսվեց պատերազմը, այդ տականքները հարձակվեցին: Նա ծառայության առաջին իսկ օրվանից միշտ լավ տրամադրություն ուներ: Նա իրեն շատ լավ էր զգում զորամասում: Միշտ ձգտում էր առաջնագծում լինել: Նա երբեք չէր հանձնի իր դիրքը», - շեշտեց հայրը: Ադամը, նրա խոսքով, չգիտեր, թե ինչ բան է վախը, ու ապացուցեց դա:

Ադամի մայրը՝ Գայանե Սահակյանն էլ իր հերթին պատմեց, որ նա միշտ վստահ էր իր յուրաքանչյուր քայլում: «Հավանաբար, դա նրա ընտրությունն էր: Նա ինքն ընտրեց իր ճանապարհը: Ծառայակիցներից մեկը պատմում էր, որ նրան առաջարկել էին քարտեզներ կամ պաստառներ գծել (Ադամը սովորում էր Հայաստանի Պետական ինժեներական համալսարանի դիզայնի ֆակուլտետում), բայց նա հրաժարվել էր, որպեսզի դիրքեր բարձրանա: Ծառայությունից հետո նա ուզում էր ուսումն արտասահմանում շարունակել: Նրա ընկերները պատմում էին, որ դիրքերը նրա անունով էին կոչում՝ «Ադամի պոստեր», - հպարտությամբ ամփոփեց Գայանե Սահակյանը: