IFC-ը եւ Business France-ը Հայաստանին կօգնեն ներդրումների մասին նոր օրենսդրություն կազմել: Այս մասին մայիսի 30-ին՝ խորհրդարանում 2015-ի բյուջեի կատարողականի հաշվետվությունը ներկայացնելիս, ասել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ նախարարության մոտեցումներում առանձին ուշադրություն է հատկացվել օտարերկրյա ներդրումների պաշտպանությանը եւ grandfather clause-ի (անբարենպաստ փոփոխություններն արդեն գործող օտարերկրյա ներդրողների համար օրենսդրության մեջ չտարածելը) կիրառումը: Միաժամանակ ադեկվատ պայմաններ պետք է ստեղծվեն նաեւ տեղի ներդրողների համար: Հակառակ դեպքում նրանք ուղղակի արտասահմանում ֆիկտիվ ընկերություններ կստեղծեն, որոնց միջոցով ներդրումները կուղարկեն Հայաստան: «Ուզում ենք արտասահմանյան ներդրողների մասին օրինագիծը վերջնական տեսքի բերել: Մենք ուզում ենք, որ այն զարգացման տեսակետից հիմնարար լինի: Այստեղ մեզ աջակցում են նաեւ IFC-ն ու Business France-ը: Վերջինս անցյալ տարի մեզ օգնություն առաջարկեց պոտենցիալ ներդրող 6 երկրների ընտրության հարցում»,- նշեց նախարարը: