ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր՝ մայիսի 30-ին, ընդունել է «Հայկական տեխնոլոգիական խումբ» հիմնադրամի խորհրդի նախագահ Ջեյմս Ռեյնոլդսի գլխավորած պատվիրակությանը եւ նրա հետ քննարկել անվար ցանքի տեխնոլոգիայի ներդրման հնարավորությունը:

Գյուղնախից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության կազմում էին հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Տեր-Սիմոնյանը, հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Գագիկ Մկրչտյանը, այլ անձինք:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հիմնադրամի միջոցներով Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացիկ արդյունքները եւ երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղություններն ու հեռանկարները:

«Հիմնադրամը ստեղծման օրվանից ի վեր մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի զարգացման գործում լայնածավալ եւ  էական կարեւորություն ունեցող աշխատանք է իրականացնում` հանդես գալով  ոլորտում  ժամանակի պահանջը հանդիսացող նորագույն տեխնոլոգիաների կիրառման նախաձեռնություններով»,-իր խոսքում նշել է նախարար Կարապետյանը

Նախարարը մասնավորապես  կարեւորել է անվար ցանքի տեխնոլոգիայի ներդրման հիմնադրամի նախաձեռնությունը եւ այս ուղղությամբ կատարված աշխատանքները` ընդգծելով, որ այն   հատկապես  էական նշանակություն կունենա, եթե կիրառվի մեր հանրապետության անջրդի հողերի մշակությունն իրականացնելու գործում:

Կողմերն անդրադարձել են նաեւ անասնապահության ոլորտում անցյալ տարի հիմնադրամի աջակցությամբ անասնաբուժական ծառայությունների իրականացման համար շարժական լաբորատորիայի  ներդրմանը, որը հնարավորություն է տալիս հետազոտություններ իրականացնել դաշտային պայմաններում` այդպիսով արագորեն կանխարգելելով հիվանդությունների տարածումը:

Հյուրերը նշել են, որ Հայաստան կատարած հերթական այցի հիմնական նպատակը ծրագրի իրականացնման պրակտիկ արդյունքների դիտարկում է` տեղեկացնելով որ  արդեն եւս երեք լաբորատորիաներ են բերվել, որոնցով կվերազինվեն անասնաբուժական ծառայություններ մատուցող տարածքային ստորաբաժանումները:

Որպես հետագա համագործակցության զարգացման ուղղություն` նախարարն առաջարկել է քննարկել  խաղողի ֆիլոքսերազերծ տնկարանային տնտեսությունների հիմնման համար ֆիլոքսերակայուն  ամերիկյան սորտեր տրամադրելու հնարավորության հարցը:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ եւս: