Եվրահանձնաժողովը պնդում է, որ արագացվեն Իտալիայում եւ Հունաստանում հայտնված փախստականների` ԵՄ-ի այլ երկրներ տեղափոխման տեմպերը եւ պատրաստ է պատժել այն անդամ երկրներին, որոնք խուսափում են այդ պարտավորություններից: Այդ մասին հայտնել է ԵՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մինա Անդրեեւան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Անցյալ տարվա գարնանը ԵՀ-ն առաջարկել էր երկու տարվա ընթացքում միության այլ երկրներ տեղափոխել 40 հազար փախստական, որոնք հայտնվել են Հունաստանում եւ Իտալիայում: Աշնանը ԵՄ-ի նախարարների խորհուրդը նախ համաձայնեցրել է 40 հազար մարդու տեղափոխումը Հունաստանից եւ Իտալիայից, իսկ հետո ձայների մեծամասնությամբ որոշում է կայացվել Եվրամիության անդամ 23 երկրում լրացուցիչ 120 հազար փախստական բաշխել, որոնք արդեն եկել էին ԵՄ:
«Տեղափոխությունների առումով արդարացի կլինի ասել, եւ մենք դա նշում ենք մեր զեկույցներում, որ անհրաժեշտ է արագացնել տեղափոխման տեմպերը: Այսօրվա դրությամբ Իտալիայից եւ Հունաստանից 1816 մարդ է տեղափոխվել, երեկ 45 մարդ Հունաստանից Իսպանիա է տեղափոխվել: Ինչ վերաբերում է առաջընթացին, անցյալ շաբաթվանից մեզ մոտ առաջին անգամ տեղափոխությունը կատարվում է ամեն օր, դա հույս է ներշնչում», — երեքշաբթի ճեպազրույցին ասել է Անդրեեւան:
Նա նշել է, որ Եվրահանձնաժողովի ղեկավարությունը «անդամ երկրներին մշտապես հիշեցնում է, որ խոսքը պարտավորեցնող որոշումների մասին է»:
«Սա ԵՄ-ի օրենսդրությունն է, որը պետք է կատարեն բոլորը, ովքեր որոշում են կայացրել Խորհրդում: Հանձնաժողովը, որպես պայմանագրերի կատարման երաշխավոր, կարող է խախտումները կանխելու ուղղությամբ արարողակարգեր գործարկել, մենք նախազգուշական նամակներ ենք ուղարկել եւ եթե անհրաժեշտ լինի, չենք շեղվի մեր լիազորություններից որպես պայմանագրերի կատարման երաշխավոր», — հայտնել է Անդրեեւան:





























