Այցելուների առաջ աշուղ Ջիվանու հայրենի Կարծախ գյուղում նախատեսված տուն-թանգարանն իր դռները կբացի այս տարվա ամռանը՝ նշանավորելով մեծանուն աշուղի 170-ամյակը, հաղորդում է javakhq.info-ն:

«Ի սկզբանե նախատեսել էինք տուն-թանգարանի ամբողջական վերականգնում, սակայն ոլորտի մասնագետները առաջարկեցին նախ անել բացումը, ցուցադրել արդեն հավաքագրված նյութերն ու իրերը, ապա անընդհատ դրանք համալրել։ Այս տարի նախատեսվում է ցուցասրահի բացումը, որտեղ լուսանկարների տեսքով ներկայացված կլինի Ջիվանու կյանքը եւ ստեղծագործական ուղին»,- տեղեկացրել է Ջավախքին աջակցություն հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը։

Նրա խոսքով, տուն-թանգարանի ստեղծման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվել է համապատասխան թիմ, որտեղ ընդգրկվել են մի շարք հասարակական-մշակութային գործիչներ, մտավորականներ, արվեստագետներ ու ճարտարապետներ։ «Աշխատանքի բաժանում է կատարվել, եւ յուրաքանչյուրն իր մասով աշխատանքներ է տանում։ Մեկը Ջիվանու կենսագրությունն է նորովի ուսումնասիրում, բացահայտում չբացահայտված էջերը, գրի առնում հետաքրքիր դրվագներ, մյուսը զբաղվում է Ջիվանու թողած ժառանգության հավաքագրմամբ, մյուսներն էլ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանի գլխավորությամբ, կազմել են տուն-թանգարանի ճարտարապետական եւ շինարարական նախագծերը»,-պատմեց Աշոտ Հակոբյանը եւ հավելեց, որ զուգահեռ ընթանում են նաեւ թանգարանին անհրաժեշտ ցուցադրական եւ կենցաղային նյութերի հավաքագրման աշխատանքները։

Գործադիր տնօրենը տեղեկացրել է, որ հունիսի 8-ին կկայանա նաեւ բարեգործական ճաշկերույթ՝ Ջիվանու 170-ամյակին նվիրված, որի ընթացքում կհնչեն սիրված հայրենասիրական եւ աշուղական երգեր ճանաչված կատարողների եւ խմբերի կողմից: Ճաշկերույթից ստացված հասույթն ամբողջությամբ կուղղվի Կարծախում Ջիվանու տուն-թանգարանի կառուցմանը:

Հայ մեծ աշուղ, ժողովրդական երգիչ Ջիվանին (Սերովբե Ստեփանի Լեւոնյան, (1846 մարտի 5 – 1909 մարտի 19) ծնվել է Ջավախքի Կարծախ գյուղում, Բանգոյանների հայտնի գերդաստանում եւ շուրջ 18 տարի (մինչեւ 1864 թ.) ապրել իր հայրենի գյուղում, որտեղ աշակերտել է Ջավախքի մեծանուն աշուղներից մեկին՝ Սիայուն: Գյուղից հեռանալուց հետո Ջիվանին մեկ տարի ապրել եւ ստեղծագործել է Թիֆլիսում, այնուհետեւ՝ Ալեքսանդրապոլում, իսկ 1895 թ. անվանի աշուղը կրկին վերադառնում է Թիֆլիս, որտեղ անցկացնում է իր կյանքի վերջին տարիները:

Հայրենի գյուղում աշուղ Ջիվանին վերջին անգամ եղել է 1908 թվականին. հարազատ միջավայրում աշուղին ընդունում են առանձնահատուկ ջերմությամբ:

Աշուղ Ջիվանին բնորոշվում է որպես «հայ աշուղական արվեստի Մաշտոց»: Գաղտնիք չէ, որ մինչ Ջիվանին հայ աշուղները մեծամասամբ ստեղծագործել են օտար լեզուներով: Համարվում է, որ Ջիվանիով հայացել է հայ աշուղական արվեստը: Աշուղի երկրորդ պատվավոր բնորոշումն է «հայ աշուղական երգարվեստի Կոմիտաս». աշուղական ստեղծագործությունները Ջիվանիով մաքրվել են արեւելյան ելեւէջներից: