Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը խոստացել է աջակցել Արմավիրի մարզի Երասխահուն ավանում գտնվող Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության եւ ագրոքիմիայի գիտական կենտրոնի փորձակայանի կացարաններում ապրող բնակիչներին՝ բնակտարածքների սեփականաշանորհման հարցը կարգավորելու համար։ NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ հունիսի 1-ին, Արշալույս Թարվերդյանը նշեց, որ մայիսի 31-ին հանդիպել է Երասխահունի ներկայացուցիչների հետ եւ համաձայնություն ձեռք բերել նրանց հետ։ Նրա խոսքով, Երասխահունի փորձակայանում աշխատողները, որոնք ապրում են հանրակացարանում բնակտարածքների սեփականաշանորհման հարցը բարձրացրել էին դեռ անցյալ տարի. «Ես խոստացել էի, որ ամեն կերպ կաջակցեմ խնդրին դրական լուծում տալու համար։ Երեկ Երասխահունի ներկայացուցիչների հետ հանդիպել եմ, նրանք այժմ գույքի կառավարման վարչության հետ իրավական դաշտում որոշակի խնդիրներ ունեն՝ նրանց գրանցումների ժամկետի հետ կապված հարցեր կան, խոչընդոտը պարզել եմ եւ խոստացել եմ, որ լիազոր մարմնի՝ ՀՀ ԿԳՆ-ի հետ հարցը կքննարկենք եւ կաշխատենք այնպես անել, որ մեր աշխատողների կենցաղային խնդիրները լուծվեն»,-ասաց նա։
Համալսարանի ռեկտորը նշեց, որ բացի բնակտարածքների սեփականաշնորհումից, կա նաեւ հողի սեփականաշնորհման հարց, որը սակայն, այս պահին երկրորդական է՝ կացարանների խնդրի լուծումից հետո, լուծում կտրվի նաեւ այդ հարցին.
«Կածում եմ, որ աաջին հերթին պետք է նրանց բանակարանների խնդիրը լուծվի։ Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության ագրոքիմիայի գիտական կենտրոնի տնօրնի հետ արդեն խոսել եմ այս հարցի շուրջ, որոշում է կայացվել, որ առաջիկայում վարձակալության հիմունքներով փորձակայանի աշխատողներին կտրվեն ինչ-որ հողակտորներ, որոնք իրենց կարիքների համար կօգտագործեն, ապա սահմանված կարգով կքննարկենք հողակտորների ինչ-որ չափով սեփականաշնորհման հարցը։ Պետք է հասկանալ, որ համալսարանն ընդամենը եւ շենքերի շինությունների եւ հողատարածքների օգտագործողն է, սեփականատերը Հայաստանի Հանրապետությւոնն է, որն իր որոշումներով դրանք հատկացրել է մեզ, մենք բացի համաձայնությունից այլ գործառույթ անել չենք կարող։ Հարցի լուծմանը, ըստ էության, մեկնարկ տրվել է բուհի իրավասության սահմաններում եւ դրա շարունակությունը անիմաստ է որոնել բուհի շրջանակներում, դա բոլորովին այլ կառույցի իրավասության տակ է գտնվում: Մենք օրենքի շրջանակներում արել ենք ամեն ինչ խնդրի կարգավորման համար»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ մայիսի 30-ին, փորձակայանի կացարաններում ապրողները Երասխահունում բողոքի ակցիա էին անցկացրել՝ պահանջելով իրենց սեփականաշնորհել բնակտարածքները։ Նշենք, որ ՀԱԱՀ գիտխորհրդի նիստում ավանի բնակիչների առաջարկը քննարկելուց հետո ՀԱԱՀ ռեկտորը համապատասխան նամակներով դիմել է ՀՀ ԿԳ նախարարություն, ՀՀ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչություն:
Նշենք, որ Արմավիրի մարզի Երասխահուն ավանում է գտնվում Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության եւ ագրոքիմիայի գիտական կենտրոնն իր փորձակայանով: Հայաստանի ազգային ագրարային համալսարանին են միացել 2012-ին։ Այստեղ կուտակված էին լուծման կարոտ բազում հիմնախնդիրներ:




























