Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով դատարանում կհարցաքննվեն նաեւ նրա հետ Ազատության հրապարակում եղած` «Հիմնադիր խորհրդարանի» մյուս անդամները: Այսօր` հունիսի 1-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց այս մասին Գեւորգ Սաֆարյանի պաշտպանի ներկայացրած միջնորդությունը:

Պաշտպան Տիգրան Հահրապետյանը միջնորդությունը հիմնավորեց նրանով, որ թեեւ բոլոր այնտեղ եղած անձինք նախաքննության ընթացքում հարցաքննվել են,  սակայն որպես վկա չեն ներգրավվել գործում: 

«Գործով 13 վկա կա, տասը ոստիկան են, երեքը` ստորգետնյա կանգառի աշխատակցիներ, որոնք ոչ մեկին չեն ճանաչում: Հարցաքննվել են քաղաքացիներ, որ ականատես են եղել, անգամ մասնակցել են բոլոր գործողություններին, բայց որպես վկա չեն ներգրավված: Այն անձինք, որ էական ցուցմունք են տվել, չեն ընդգրկվել վկաների ցանկում»,- նշեց փաստաբանը:

Գեւորգ Սաֆարյանն էլ հայտարարեց, որ դա ապացուցում է, որ իր դեմ մեղադրանքը կեղծ է:

«Դատախազը փորձել է ֆիլտրել է բոլոր վկաներին, որ իմ օգտին վկայություն են տվել, փորձում են գործ սարքել»,- ասաց նա:

Նշենք, որ պաշտպանի միջնորդությամբ որպես վկա ներգրավվեց 13 անձ` Վահագն Ղումաշյանը, Հովհաննես Ղազարյանը, Կարո Եղնուկյանը, Աղասի Ավագեմյանը, Սերգեյ  Կյուրեղյանը, Սուսաննա Սիմոնյանը, Գագիկ Եղիազարյանը, Վահրամ Պետրոսյանը,  Սմբատ Բարսեղյանը, Սեւակ Մանուկյանը, Վարուժան Ավետսիսյանը, Գարեգին Չուգասզյանը:

Դատական նիտին որոշվեց նաեւ ապացույցների հետազոտման հաջորդականությունը: Պաշտպանի միջնորդությամբ որոշվեց սկզբում հետազոտել դեպքի օրվա վերաբերյալ տեսանյութերը, ապա անցնել հարցաքննություններին:

«Երբ տեսաերիզները ուսումնասիրվեն, դատարանի համար էլ կհասկացվի, որ մեղադրանքը արհեստածին է»,- նշեց պաշտպանը:

Դատական նիստը հետաձգվեց` տեխնիկական միջոցներ ապահովելու համար:

Նշենք, որ դատավորն է Մնացական Մարտիրոսյանը:

Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում 2016թ. հունվարի 1-ին ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը, որին հետագայում էլ կալանավորեցին:

Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ: