Ռումինիայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել բժիշկների խմբի դեմ, որոնք անօրինական կլինիկական փորձեր են կատարել հոգեկան հիվանդություններով տառապող հիվանդների համար նախատեսված դեղերի թեստավորման նպատակով, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Ռումինիայի ռադիոյին: 

Դատախազների խոսքով, դեղամիջոցների փորձարկումները կատարվել են առանց հիվանդների համաձայնության, որոնց ստորագրությունները փաստաթղթերում կեղծվում էին: Հնարավորինս արագ վաճառքի թույլտվություն ստանալու նպատակով կեղծվում էին նաեւ կլինիկական հետազոտությունների արդյունքները: Դատախազության հաղորդման համաձայն,  «առկա է վտանգ, որ վաճառքի կթույլատրվեն դեղամիջոցներ, որոնք բնակչության առողջությանը վնաս կհասցնեն»:

Բուխարեստ քաղաքի եւ Արադ, Քլուժ, Կոնստանցա եւ Դոլժ շրջանների մի շարք բժշկական հաստատություններում, ինչպես նաեւ Դեղերի ազգային գործակալությունում  խուզարկություններ եւ փաստաթղթերի առգրավում է իրականացվել: Կասկածի տակ է մոտ 50 բժիշկ-հոգեբույժ:

ԶԼՄ-ների տվյալներով, ոստիկանությունը ձերբակալել է Արադի (Ռումինիայի արեւմուտք) շրջանային հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքի պետ, տեղի համալսարանի դասախոս Դելիա Պոդյային, որին կասկածում են նրանում, որ հիվանդների համար վաղաժամ թոշակ է ձեւակերպել հորինովի հոգեկան հիվանդությունների պատրվակով:  Փոխարենը այդ հիվանդները նրան դրամական կաշառք են տվել եւ մասնակցել են նրա իրականացրած կլինիկական հետազոտությանը: 

Սա ռումինական առողջապահության ոլորտում վերջերս բռնկված առաջին սկանդալը չէ: Այսպես, վերջերս պարզվել է, որ ռումինական հիվանդանոցներում կիրառվում են ջրով բացած վարակազերծող միջոցներ, ինչը հանգեցրել է ներհիվանդանոցային վարակների տարածման:  Աղմուկ է բարձրացրել ուռուցքաբան բժիշկների գործը, որոնք հիվանդներին այնպիսի դեղեր են գրում, որոնք արտադրել է նրանց դրա համար պարգեւ վճարած ընկերությունը: Արդյունքում, սոցիոլոգիական հետազոտության համաձայն, ռումինացիների միայն 35 տոկոսը վստահություն ունի պետական հիվանդանոցների նկատմամբ, իսկ   68 տոկոսը համարում է, որ ռումինական պետությունը հիվանդներին համապատասխան բուժում չի ապահովում: