Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի խաղողագործները կրկին հուսախաբ են եղել. խաղողը մթերած «Վինար» ՍՊԸ-ի տնօրեն Ավետ Գալստյանը, որը խաղողագործներին խոստացել էր հունիսի 1-ին գնալ Քաղցրաշեն եւ վճարել գյուղացիների պարտքը, այդպես էլ ոչ գյուղ է գնացել, ոչ էլ գումարը փոխանցել: NEWS.am-ի հետ զրույցում խաղողագործներից Սաշիկն ասաց, որ Ավետ Գալստյանը պետք է վարկը ստանար, որպեսզի իրենց գումարը փոխանցեր, իրենց տեղեկություններով, ստացել է վարկի միայն մի մասը։
«Կառավարության օգնությամբ վարկ էին ձեւակերպել, հիմա ասում են՝ միայն 8 միլիոնն է ստացել, պետք է էսօր կամ վաղն էլ վարկի մի մասը ստանար։ Ինչպես միշտ մեզ էլի խաբեց, որ կտա մեր գումարը հունիսի 1-ին ու էլի չեկավ գյուղ, հունիսի 1-ն էլ անցավ, էլի չտվեց»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ գյուղացիներն անցած տարվա մթերած բերքի գումարը մինչ օրս չեն ստացել։ Խաղողը մթերած «Վինար» ՍՊԸ-ն քաղցրաշենցիներին, ինչպես նաեւ 10 այլ գյուղերի բնակիչների պարտք է մոտ 160 միլիոն դրամ:
Քաղցրաշենցիներից բացի, «Վինար» ՍՊԸ-ն խաղողի մթերման համար պարտք է Շահումյան, Այգեպատ, Այգեզարդ, Նարեկ, Ոստան, Վերին Արտաշատ, Նորաշեն, Հնաբերդ, Փոքր Վեդի բնակիչներին:




























