Գինին ոչ միայն արգրոարտադրանք է, այլ նախեւառաջ մշակույթ եւ աշխարհընկալում: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում հայտարարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, ով ներկա է գտնվել Ագրոբիզնեսի ֆակուլտետի 2015-16 ուսումնական տարվա բակալավրիատի եւ մագիստրատուրայի միջազգային ծրագրով շրջանավարտների դիպլոմների հանձնման եւ Երեւանի (Ի-Վի-Էն) գինու ակադեմիայի առաջին ավարտական արարողությանը:
ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով բուհի ագրոբիզնես միջազգային կրթական ծրագրի շրջանավարտներին՝ նախարարը շեշտել է, որ պահը հուզիչ է նաեւ իր համար. «Հիշում եմ, թե 17 տարի առաջ ինչպես ստեղծեցինք այս կենտրոնը, որն այն ժամանակ Հայաստանում միջազգային կրթական ծրագիր իրականացնելու առաջին ջանքն էր: 21-րդ դարում մեր պետության առջեւ կանգնած մարտահրավերներն անընդհատ աճում են եւ այսօր երկիրը պահողը հողն է եւ այդ հողի վրա ապրող ու արարող ժողովուրդը: Այս իմաստով գյուղատնտեսության ոլորտի յուրաքանչյուր մասնագիտություն ամրացնում է երկրի անվտանգությունը, կապում ժողովրդին իր հայրենիքի ու հողի հետ»,- նշել է նախարարը՝ ագրոբիզնեսի միջազգային ծրագրի իրագործման համար շնորհակալություն հայտնելով նաեւ միջազգային կառույցներին, որոնք աջակցել են կրթական նախաձեռնության իրագործմանը:
Հիշատակելով, որ ծրագիրն իրագործվել է ԱՄՆ Թեքսասի համալսարանի հետ համատեղ՝ նախարարը հույս է հայտնել, որ միջազգային կապերը կնպաստեն հայկական ագրոարտադրանքների արտահանմանը եւ միջազգայնացմանը:
Լեւոն Մկրտչյանն առանձնահատուկ շնորհավորել է Երեւանի (Ի-Վի-Էն) գինու ակադեմիայի առաջին շրջանավարտներին՝ շեշտելով, որ գինեգործությունը հայկական մշակույթի կարեւոր բաղադրիչն է. «Մեր երկիրը գինու բնօրրաններից մեկն է, եւ գինեգործության լավագույն ավանդույթների վերականգնումն ու միջազգային չափանիշներին համապատասխանող մասնագետների պատրաստումը նշանակում է բացել մի նոր ճանապարհ՝ դեպի մեր ժողովրդի հիշողությունը: Գինին ոչ միայն արգրոարտադրանք է, այլ նախեւառաջ մշակույթ եւ աշխարհընկալում: Յուրաքանչյուր սերունդ իր պետության առջեւ պարտավորություն ունի՝ ժառանգելով իրենից հետո թողնել ավելի մեծ արժեքներ: Դուք ստացել եք լավագույն կրթությունը, ունեք հնարավորություն կայանալու եւ շարժվելու առաջ՝ սխալվելու եւ ձեր ճշմարտությունը գտնելու իրավունքով»,- դիմելով շրջանավարտներին ասել է ԿԳ նախարարը ՝ ավելացնելով, որ իրենց հաջողությունները միաժամանակ բուհինն ու երկրինն են:
Միջոցառմանը մասնակցել եւ շրջանավարտներին շնորհավորել են նաեւ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Քլարկ Փրայսը, Տեխասի Էյ ընդ Էմ համալսարանի պրոֆ. Ջոն Նիքըլսը, ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Սարգսյանը, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը:




























