Հայաստանում ես ըստ արժանվույն  գնահատեցի տեղական գինին: Այս մասին հունիսի 1-ին Հայաստանի Ագրարային համալսարանում ասել է Գերմանիայի դեսպան Մատիաս Քիսլերը, ով ներկա է գտնվել Ագրոբիզնեսի ֆակուլտետի 2015-16 ուսումնական տարվա բակալավրիատի եւ մագիստրատուրայի միջազգային ծրագրով շրջանավարտների դիպլոմների հանձնման եւ Երեւանի (Ի-Վի-Էն) գինու ակադեմիայի առաջին ավարտական արարողությանը:

«Գերմանիայում ավելի շատ ծանոթ են վրացական գինուն, որը մեզ հայտնի է արդեն մի քանի տարի: Հայկական գինիների մասին ես ավելի քիչ բան գիտեի: Բայց այստեղ տարիների աշխատանքի հետ ես արդեն հասցրել եմ բավականաչափ գինի համտեսել, եւ դրանց թվում քիչ չեն իսկապես լավ գինիները: Կարելի է ասել, որ դրանք Եվրամիություն արտահանվելու ներուժ ունեն»,- ասել է դեսպանը եւ հավելել, որ ուրախալի փաստ է, որ Երեւանի (Ի-Վի-Էն) գինու ակադեմիան համագործակցում է  Գայզենհայմի համալսարանի հետ, որը Գերմանիայում գինեգործության ոլորտի առաջատար ուսումնական հաստատություններից մեկն է: