Հայ բժիշկները հրաշալի մասնագետներ են, սակայն վերապատրաստումների կարիք ունեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկական բժշկական միջազգային կոմիտեի նախագահ Ջերրի Մանուկյանը, որն այս օրերին Երեւանում է եւ տեսակցել է վիրավոր զինծառայողներին:

«Բժշկական տեսանկյունից հայ մասնագետները լավ են աշխատում, բայց նրանք վերապատրաստման կարիք ունեն: Երբ ես նրանց հարցնում եմ, թե ինչ ակնկալիք ունեն հայկական սփյուռքից, պատասխանում են` վերապատրաստման, բուժման նոր տեխնիկաների: Օրինակ, վիրաբուժության մեջ նոր տեխնիկաներ են ավելացել, որոնք հայ բժիշկները չգիտեն»,- ասաց Ջերիի Մանուկյանը:

Կոմիտեի նախագահի կարծիքով, Հայաստանում անհրաժեշտ է նաեւ մշակել հատուկ տեխնիկա` վիրավորին դիրքերից հոսպիտալ տեղափոխելու համար, ինչպես նաեւ փոքրիկ սենյակներ ստեղծել դիրքերում, որտեղ առաջին բուժօգնությունը կստանա վիրավոր զինծառայողը. «Կան ծրագրեր, որոնք մեր կոմիտեն արդեն իսկ իրականացնում է Հայաստանում, օրինակ, օդային ճանապարհով զինծառայողին հոսպիտալ տեղափոխելու եւ այդ ընթացքում անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելու դասընթացներ ենք անցկացնում»:

Նշենք, որ վիրավոր զինծառայողներից Արման Լազգիյանն արդեն տեղափոխվել է Գերմանիա: Առաջիկայում արտերկիր կմեկնի նաեւ Ռուբեն Առաքելյանը: Զինծառայողների հարազատների խոսքով` Հայաստանում առավելագույնն արվել է Ռուբենի եւ Արմանի համար եւ հետագա բուժումը հնարավոր է միայն արտերկրում: Առողջապահության նախարարությունը մինչդեռ համոզված է, որ Հայաստանում կան բոլոր պայմանները` զինծառայողների լիարժեք բուժման համար: