Երեւանի գինու ակադեմիան հանձնել է իր առաջին շրջանավարտների դիպլոմները: 2014-ին Ագրարային համալսարանին կից հիմնված ակադեմիան համագործակցում է Գերմանիայում գինեգործության ոլորտի առաջատար Գայզենհայմի համալսարանի հետ:
Երեւանի գինու ակադեմիայի եւ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի առաջին շրջանավարտներին շնորհավորելու էին եկել նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը եւ ԱՄՆ փոխդեսպան Քլարք Փրայսը: Նրանք շրջանավարտներին մաղթել են գործնականում բարեհաջող կիրառել գիտելիքները եւ աջակցել հայկական գինեգործության ավանդույթներին:
Գայզենհայմի համալսարանի պրոֆեսոր Յոն Հանֆը նշել է, որ հայկական գինին տարեցտարի ավելի լավն է դառնում: «Այստեղ ես իմացա, թե ինչ է «կոկա-կոլա տեսակի գինին», երբ առաջին անգամ տնական գինի գնեցի կոկա-կոլայի շշի մեջ լցված: Ակնհայտ էր, որ որակի վրա աշխատելու տեղ կա: Մի՛ մոռացեք, որ բիզնեսը, եթե անգամ այն գինեգործական է, առաջին հերթին բիզնես է: Բայց ես հիմա կարող եմ բացահայտ ասել, որ Հայաստանում ուղղակի հիանալի գինիներ են հայտնվել», - ասել է նա:
Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը Հայաստանում ագրոմենեջմենթի առաջատար ուսումնական հաստատություններից է Հայաստանում եւ տարածաշրջանում: Կենտրոնում սովորում են ուսանողներ ոչ միայն Հայաստանից, այլ նաեւ Վրաստանից: Կենտրոնը գործում է 2000 թվականից սկզբում ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի (USDA) աջակցությամբ, հետո՝ USAID-ի:




























