Մանուկ հասակում բոլորս երազում էինք, որ հեծանիվ ունենանք. հիշում եմ, երբ մեր բակ մտավ առաջին հեծանիվը, եւ մենք այդ հեծանիվի համար հերթագրվում էինք, որ կանողանանք դա վայելել: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով. «Ինչը հեշտությամբ է ձեռք բերվում, դա սովորական է դառնում, ինչը դժվարությամբ է ձեռքբերվում, դա մնում է հուշերի մեջ»:

Նա նշեց, որ երեխա ժամանակ երազել է մաթեմատիկոս դառնալ: «Մեծերը երբ ինձ վերցնում էին իրենց գրկի վրա, հարցեր էին տալիս, թե ծառի վրա տասը ծիտիկ կա, եթե մեկին սպանես, քանի՞սը կմնա… Պատասխանում էի, ասում էին՝ սա մաթեմատիկ է: Միշտ սիրել եմ մաթեմատիկան»:

Բաղդասարյանը խոստովանեց, որ ցանկացել է 7 երեխա ունենալ, սակայն 4-ն է ունեցել:

Անդրադառնալով Հայաստանում երեխաների պաշտպանության խնդրին, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասել է. «Նայած ինչ ստանդարտներով եք հաշվարկում: Մեր մեթալիտետին համապատասխան մեր երեխաները պաշտպանված են, որովհետեւ մեր ընտանիքներում գերագույն դերակատարություն ունեն երեխաները: Մեզ համար երեխան մինչեւ 16 տարեկանը չէ, ինչպես այլ երկրներում: Ինչքան ծնողը կա, դա իր երեխան է, անգամ 70 տարեկանում: Մեր երեխաների խնդիրը ճիշտ հունի վրա է դրված, ընտանիքները հենց այսպես պետք է ձեւավորվեն»: