Շփման գծում հակառակորդի ագրեսիան հետ մղելիս զոհված պայմանագրային զինծառայող, 33-ամյա Հրաչյա Գալստյանի ընտանիքը նոր բնակարան ունի: Բնակարանը ընտանիքը ստացել է SOS Gyumri բարեգործական ծրագրի շրջանակում:

Նախաձեռնության ֆեյսբուքյան էջից NEWS.am-ը տեղեկանում է, որ բնակարանը ընտանիքին է հանձնվել հենց Հրաչյա Գալստյանի փոքրիկի լույս աշխարհ գալու օրը:

«SOS Gyumri բարեգործական ծրագրի բնակարանների թիվն ավելացավ ևս մեկով՝ հասնելով 25-ի։ ՀԷՑ-ը ծրագրին նվիրաբերած 13 բնակարաններին ավելացրեց եւս մեկը։ Բնակարանը հանձնվեց ապրիլի քառօրյա պատերազմում հերոսաբար ընկած Հրաչյա Գալստյանի ընտանիքին։ Բնակարանը լուսահոգի հերոսի ընտանիքին հանձնվեց նրա փոքրիկի լույս աշխարհ գալու օրը»,- նշված է գրառման մեջ:

Նշենք, որ արդեն 23 բնակարան ունի հասցեատեր։ 1988-ի ավերիչ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ավելի քան 100 մարդ, որոնք ապրում էին անմարդկային պայմաններում, տեղափոխվել են գեղեցիկ, կահավորված բնակարաններ։ Դեռ եւս 2 բնակարան պետք է փոխանցվեն անօթեւաններին։