ՊՆ համակարգում ձերբակալված սպաներից շատերը կոռուպցիայի մեջ ներգրավվել են, ոչ թե իրենց նախաձեռնությամբ, այլ ավելի վերեւների պահանջներին համապատասխան: Այս մասին հայտարարություն է տարածել «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը՝ անդրադառնալով զինվորականների շարունակվող ձերբակալություններին:

Հայտարարությունում, մասնավոևրապես, ասվում է.

«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը, ներկայացնելով իր պահանջները իշխանություններին, պահանջել էր նաեւ բանակի գլխավոր պատասխանատուների՝ ՊՆ նախարար Օհանյանի, Գլխավոր շտաբի պետ Խաչատուրովի եւ նրա տեղակալ Բաղմանյանի հրաժարականները։

Մեր պահանջը իր խորքային իմաստով պահանջում էր, որպեսզի համակարգում տարիներ շարունակ խորացող կոռուպցիայի դեմ իրական պայքար տարվի, եւ ոչ թե աճող սպառնալիքներին համարժեք քայլերի փոխարեն հասարակական կարծիքի վրա ազդելու միջոցով բուռն գործունեության տպավորություն ստեղծել։

Մենք պահանջ չէինք դրել երկրորդ էշելոնի ՊՆ պաշտոնյաների մասով, քանի որ չէինք տիրապետում բավար չափով տեղեկությունների նրանց գործունեության մասին։ Բացի այդ մտավախություն կար, որ մեր պահանջները կլինեն բանակի կազմաքանդման պատճառ։ Ուստի սահմանափակ պատիժը պետք է, որ սթափեցնող արդյունք ունենար, առանց բանակը ապակայունացնելու։

Ի տարբերություն դրա մենք տեսնում ենք, որ Սերժիկ Սարգսյանի կողմից ուղարկված վերահսկիչները ակնհայտորեն թողած գլխավորներին պատժում են երկրորդական դերակատարներին։ Այդ մարդկանցից շատերը կոռուպցիայի մեջ ներգրավել են, ոչ թե իրենց նախաձեռնությամբ, այլ ավելի վերեւների պահանջներին համապատասխան։

Մյուս կողմից էլ, այս մեխանիզմը շանտաժի գործիք կարող է հանդիսանալ Սերժիկ Սարգսյանի կողմից ազնիվ եւ ըմբոստ սպաներին պատժելու եւ վախի մթնոլորտում նրանց ենթարկեցնելու համար։

Հաշվի առնելով, որ իշխանությունները արհամարհել են մեր նախկին պահանջները, հարկ չենք համարում կրկին դիմել իրենց, բայց կցանկանայինք դիմել հանրությանը, որ ուշադրություն դարձնեն այս հանգամանքների վրա եւ գնահատեն իշխանության կողմից իրականացվող քայլերը, որպես քարոզչական գլուխ հարդուկոցի եւ միգուցե նաեւ բանակի կազմաքանդման եւ դրանով Ադրբեջանին տարածքային նոր զիջումների, նոր զոհերի եւ այլ կորուստների համար նախապատրաստական դավադիր գործունեություն»: