ԵԱՀԿ մշտական խորհրդում ներկայացված ԵՄ անդամ պետությունները հայտարարություն են ընդունել Ուզբեկստանում շինծու մեղադրանքով դատապարտված Արամայիս Ավագյանի ու նրա փաստաբանի կապակցությամբ։
Ուզբեկստանում կալանավորվել եւ 7 տարվա ազատազրկման է դատապարտվել իսլամական ֆունդամենտալիզմի մեջ շինծու մեղադրանքով դատապարտված հայ Արամայիս Ավագյանի փաստաբանը։
Մայիսի 26-ին ԵԱՀԿ մշտական խորհրդում ներկայացված Եվրամիության անդամ պետությունների կողմից Արամայիս Ավագյանի եւ նրա փաստաբան Օդիլ Կոբիլովի գործով հայտարարություն է ընդունվել։
Հայտարարությունում, մասնավորապես ասվում է.
«ԵՄ-ն անհանգստացած է Ուզբեկստանում այս ամսվա սկզբին փաստաբան Օդիլա Կոբիլովի բանտարկությամբ: Կոբիլովը, որը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, ըստ էության, հետապնդման օբյեկտ է եղել՝ կապված Արամայիս Ավագյանի փաստաբանը լինելու հետ:
Փաստաբանների ընտրանքային հետապնդումը, ի պատասխան իրենց հաճախորդների շահերը ներկայացնելու օրինական աշխատանքի, խախտում է օրենքի գերիշխանությունը եւ քրեական արդարադատության նկատմամբ վստահությունը:
Արամայիս Ավագյանն ինքը եւս այս տարվա փետրվարի 19-ին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Մտավախություններ կան կապված Ավագյանի բուժման հետ, ներառյալ նրա հայտարարությունները խոշտանգումների եւ արդար դատաքննության իր իրավունքների խախտումների մասին:
Եվրամիությունը կոչ է անում Ուզբեկստանին քննարկել երկու դեպքերը եւ գործել ԵԱՀԿ շրջանակներում իր ստանձնած պարտավորություններին եւ դատական գործընթացների ոլորտում միջազգային չափանիշներին համապատասխան»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հայ երիտասարդը մեղադրվում է «կրոնական ծայրահեղականության, անջատողականության, արմատականություն սերմանող խմբավորում հիմնադրելու, ղեկավարելու», «սահմանադրական կարգը տապալելու» փորձերի մեջ: Նա հինգ ամբաստանյալներից միակն է, ով դատարանում չի ընդունել մեղադրանքները և պնդել է, որ նախաքննության ժամանակ բռնությունների միջոցով են փորձել պարտադրել «ինքնախոստովանական» ցուցմունքներ:
Արամայիս Ավագյանն առաջին ատյանի դատարանի դատավճիռը բողոքարկել է Գերագույն դատարանում: Նիստի օրը դեռ չի նշանակվել:
Ուզբեկստանում դատապարտված Արամայիս Ավագյանի մայրն այցելել է այդ երկրի օմբուդսմենի գրասենյակ
Ուզբեկստանում Արամայիս Ավագյանին 7 տարվա ազատազրկման են դատապարտել՝ մեղադրելով ԻՊ-ի հետ կապերի մեջ




























