Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը ստորագրել է օրենք ԵՏՄ–ի ու Վյետնամի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի վավերացման մասին, այս մասին հինգշաբթի հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը:
Համաձայնագիրը ընդգրկում է ապրանքների, ծառայությունների առեւտրին, մաքսային վարչարարությանը,առեւտրի ոլորտում տեխնիկական խոչընդոտներին, սանիտարական ու ֆիտոսանիտարական միջոցաառումներին, ներդրողների կողմից կապիտալաներդրմանը, մտավոր սեփականությանը, պետգնումներին, մրցակցությանը, կայուն զարգացմանն ու էլեկտրոնային առեւտրին վերաբերող հարցերը:
Վավերացված համաձայնագիրը ապահովում է ազատ առեւտրի ռեժիմ ապրանքային դիրքերի ավելի քան 90 տոկոսի համար: Մաքսատուրքերի զրոյացումն ու ազատ ռեժիմի սահմանումը երկու փուլով է իրականացվելու: Օրենքը ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակումից հետո տասն օրվա ընթացքում:
ԵՏՄ-ի ու Վյետնամի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը ստորագրվել է 2015-ի մայիսին Ղազախստանում: Այն ենթադրում է, որ սկզբում մաքսատուրքերը կզրոյացվեն ապրանքների մոտավորապես 60 տոկոսի համար: Մինչեւ 2025 թ. բոլոր անցումային փուլերի ավարտից հետո մաքսատուրքերի զրոյացումը կտարածվի արդեն ապրանքների 90 տոկոսի վրա: Փաստաթուղթը չի սահմանափակում Վյետնամից ապրանքների ներմուծման վերաբերյալ ԵՏՄ ստանդարտային պաշտպանական միջոցառումները:




























