Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թ. հուլիսի 11-ին ավարտվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով սահմանված վեցամսյա ժամկետը, որի ընթացքում 2012 թ. հունվարի 1-ից մինչեւ 2015 թ. հունվարի 9-ը ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվության ենթարկված անձը տուգանքի գումարը (սկզբնական գումարը) վճարելու դեպքում ազատվում է տուգանքի չափի ավելացած մասը (եռապատկված, հնգապատկված, 25 կամ 50 տոկոսով ավելացած) վճարելու պարտականությունից:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացի այդ 2015թ. հունվարի 9-ից մինչեւ 2016թ. հունվարի 11-ը կայացված վարչական ակտերով նշանակված տուգանքի գումարը վճարելու դեպքում, վարչական ակտի հասցեատերն ազատվում է վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետեւանքով նախատեսված տուգանքի չափի ավելացած մասը վճարելու պարտականությունից:
«Մեկ անգամ եւս վարչական ակտերի հասցեատերերին հորդորում ենք՝ օգտվել օրենքով ընձեռնված հնարավորությունից եւ նշված ժամկետում վճարել տուգանքի սկզբնական գումարն ու ազատվել տուգանքի գումարի ավելացված չափը եւ կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից»,-ասված է հաղորդագրության մեջ:




























