Ադրբեջանի համար ավելի կարեւոր են միջազգային եւ տարածաշրջանային գործոնները, քան մշակութային-մարզական այնպիսի միջոցառումը, ինչպիսին  «Ֆորմուլա-1»-ն է: Այդ մասին հունիսի 2-ի մամուլի ասուլիսին հայտնել է Միջազգային հարցերի եւ անվտանգության հայկական միջազգային ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:   

Նրա խոսքով, անցյալ տարիների ընթացքում Ադրբեջանին հենց այնպես չէ իրավունք տրվել միջազգային միջոցառումներ կազմակերպելու: Սաֆարյանի կարծիքով, տերությունները փորձում էին  զսպել Ադրբեջանին: «Կարեւոր նշանակություն ունի այն գործոնը, որ Ադրբեջանը միշտ բողոքում էր, թե միջազգային խաղացողների համար ղարաբաղյան հարց գոյություն չունի: Վիեննայում միջազգային հանրությունը փորձել է ցույց տալ, թե Բաքվի ցանկությունն է կատարում: Չեմ ուզում թերագնահատել «Ֆորմուլա-1»-ի նշանակությունը ժամանակավոր զսպման տեսանկյունից եւ չեմ ուզում գերագնահատել, որովհետեւ ավելի ազդեցիկ գործոններ կան», -նշել է փորձագետը: Այս պահին, նրա տեսանկյունից, Ադրբեջանի համար ավելի կարեւոր են միջազգային եւ տարածաշրջանային գործոնները, քան մշակութային-մարզական միջոցառումը:  «Վճռորոշ կլինեն Ուկրաինայի շուրջ գործընթացները, Արեւմուտքի հետ հարաբերությունները: Այս գործոններն ավելի կարեւոր են Ադրբեջանի ռազմական արկածախնդրության պլանավորման տեսանկյունից», - հավելել է Ստեփան Սաֆարյանը: