«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներն այսօր՝ հունիսի 1-ին, կրկին բողոքի ակցիա են անցկացրել Կառավարության շենքի մոտ:
NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, նրանք պահանջում են քրեական գործ հարուցել «Նաիրիտ» գործարանի տնօրինության դեմ, որն իրենց աշխատավարձերը վճարել է «շանտաժի կիրառմամբ», պարտադրելով պայմանագիր ստորագրել, որ հրաժարվում են չվճարված աշխատավարձի վրա կուտակված տոկոսներից
«Նաիրիտի» աշխատակիցների խոսքով, «Նաիրիտ» ՓԲԸ-ի եւ նախկին աշխատակիցների միջեւ կնքվել է պայմանագիր, ըստ որի ընկերության աշխատակիցներին պարտադրվել է այդ պայմանագիրը ստորագրել, հակառակ դեպքում՝ իրենք չեն ստանա իրենց աշխատավարձերը:
Այժմ նախկին աշխատակիցները պահանջում են նաեւ կուտակված տոկոսները: «Մենք գլխավոր դատախազից պահանջում ենք քրգործ հարուցել «Նաիրիտի» տնօրինության դեմ եւ անվավեր ճանաչել այն պայմանագիրը, որը մենք ստիպված ենք եղել կնքել մեր աշխատավարձն ստանալուց առաջ»,-նշել են նրանք:
Ցուցարարները պաստառ են պարզել, որի վրա գրված է. «Ստորացուցիչ պայմանագրի չեղարկում»:






























