Մենք մեր պատմությունից գիտենք, թե ինչ է նշանակում առերեսվել սեփական պատմությանը: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի քննարկման ժամանակ նշել է Ձախերի խմբակցության պատգամավոր Գրեգորի Գիզին:

«Մենք գիտենք, թե ինչ բարդ է վերանայել սեփական պատմությունը եւ դա թուլության նշան չէ: Այսօր մենք ուզում ենք, որ Թուրքիան առերեսվի իր պատմության մութ էջերին, ինչը հանգեցրեց ժողովուրդների բնաջնջման: Վերջապես պետք է տեղի ունեցածն անվանենք այնպես, ինչպես կար՝ Ցեղասպանություն, որը տեղի է ունեցել 101 տարի առաջ»,-ասել է Գիզին՝ հավելելով, որ այդ ցեղասպանությանը հայերից բացի զոհ են գնացել ասորիներ, արամեացիներ, խալդեր Պոնտոսի հույներ:

«Գերմանիան ուներ իր պատասխանատվությունը որպես Օսմանյան կայսրության դաշնակից: Այդ պատճառով մենք պետք է շատ ակտիվ լինենք: Գերմանիայի համար 40 տարի տեւեց, մինչեւ մեր նախագահն ընդունեց նացիստների հանցագործությունը եւ Գերմանիայի մեղքը: Հիմա մենք կարող ենք դատապարտել նացիստներին, եւ դա այլեւս խնդիր չէ: Իսկ ինչո՞ւ Թուրքիայի ղեկավարությունը 100 տարի հետո չի կարողանում առերեսվել պատմությունը»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ գերմանացի պատգամավորները սպառնալիքներ էին ստանում, սակայն չզջիջեցին:

Նշենք, որ բանաձեւում հստակ օգտագործվում է ցեղասպանություն եզրը: «101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ու մյուս քրիստոնյաների ցեղասպանության հիշատակին». այսպես է վերնագրված բանաձեւը:

Այս պահին, Բեռլինում Բունդեսթագի շենքի առջեւ, ընթանում է հայ համայնքի ակցիան, որի մասնակիցների ձեռքին կան Հայաստանի, ինչպես նաեւ Հունաստանի եւ մի շարք այլ երկրների դրոշներ: Ցուցարարները «ճշմարտության շղթա» են կազմել՝ հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման: