«Վանոյի Արտակ» անվամբ հայտնի Արտակ Գալստյանի պաշտպանը նրա կալանավորման որոշման դեմ Վերաքննիչ բողոք է ներկայացրել: Այս մասին NEWS.am-ին ասաց պաշտպանը:

«Կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք ենք տարել եւ բողոքարկել ենք նաեւ մեղադրանքը, քանի որ անհիմն մեղադրանք է ներկայացված նրան»,- ասաց Սուսաննա Սարգսյանը:

Պաշտպանը նշեց, որ իր ներկայացրած հիմնավորումների մի մասը նախաքննական գաղտնիք է պարունակում, մյուս մասը վերաբերում է «Ֆինանսական բուրգի» գործին, որով ՝ Արտակ Գալստյանը  ճանաչված էր որպես տուժող:

Նշենք, որ Արտակ Գալստյանը երկու ամսով կալանավորվել է։ Արտակ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում՝ ՀՀ ՔՕ 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի շորթում) եւ 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը):

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ Արտակ Գալստյանը ձերբակալել է 2015թ. աշնանը analitik.am կայքի տնօրենի հետ, նախնական համաձայնությամբ, խմբով, քաղաքացուց առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու կասկածանքով: Նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով՝ Ա. Գալստյանը տնօրինում եւ կազմակերպում է ինչպես«analitik.am», այնպես էլ՝ «crimenews.am», «armcrimenews.com» լրատվական կայքերի գործունեությունը:

Նշենք, որ analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը կալանքի տակ է: